Հայաստանում ակտիվորեն սկսել են քննարկել նոր գլխավոր դատախազի անունը, այսինքն՝ թե ով կլինի այդ պաշտոնին առաջադրվող անձը: Ինչպես հայտնի է, դատախազին պետք է առաջադրի Սերժ Սարգսյանը, իսկ «ընտրի» Ազգային ժողովը: Այս հանգամանքը հետաքրքրական է զուտ ներիշխանական դասավորության տեսանկյունից: Այսինքն՝ նոր գլխավոր դատախազի անունը ինչ-որ բան կարող է ասել միայն ներիշխանական վիճակի առումով՝ ցույց տալով, թե ինչ ուժերի հարաբերակցություն է, ինչ դիրքեր և վստահություն ունի Սերժ Սարգսյանը, ինչքանով է նա շարունակում հաշվի առնել Ռոբերտ Քոչարյանի շահերը, ինչպիսի ներքին հարաբերություններ են ՀՀԿ-ի շրջանակներում:
Այս ամենի առումով նոր դատախազի անունը կարող է լինել մի ցուցիչ, որ ներիշխանական հարաբերություններով և քաղաքական կոչվող զարգացումներով հետաքրքրվող հասարակությանն ու մեկնաբաններին կտա որոշակի դատողություններ անելու հնարավորություն: Ինչ վերաբերում է հասարակական և պետական իմաստին, ապա բացարձակապես ոչ մի նշանակություն չունի, թե ով կլինի Հայաստանի նոր գլխավոր դատախազը: Նման հարցը կարող էր նշանակություն ունենալ այն երկրներում, որտեղ ապահովված են սահմանադրականությունն ու իշխանության մարմինների անկախությունը, ինչը տվյալ դեպքում շատ կարևոր է Գլխավոր դատախազի պաշտոնի համար: Սակայն Հայաստանի դեպքում այս ամենը, մեղմ ասած, չկա, և Գլխավոր դատախազի գործողությունները ենթակա են եղել ոչ թե օրենքին և Սահմանադրությանը, այլ իշխանական կոնյունկտուրային, ներիշխանական հարաբերություններին, արտաքին աշխարհի հետ իշխանությունների հարաբերություններին:
Գլխավոր դատախազության գործողությունները թելադրվում են բացառապես սրանցով: Հետևաբար ի՞նչ կապ ունի, թե ով է լինելու իշխանական կոնյունկտուրայի կամակատարը, ով է ապահովելու իշխանական համակարգի շահերը իրավապահպան ոլորտում: Մեղմ ասած՝ քիչ հավանական է, որ մենք կարող ենք գործ ունենալ հերոս մի դատախազի հետ, որը լավագույն դետեկտիվ ֆիլմերի ոգով դեմ կգնա այն համակարգին, որն իշխում է, կամ անձնազոհաբար վերջ կտա համակարգին, կամ էլ կպայքարի այնքան, մինչև համակարգը վերջ կտա իրեն: Նման կինո Հայաստանում չի սպասվում, ինչքան էլ որ «Ոսկե ծիրանը» փորձում է Հայաստանն, այսպես ասած, կինոտերությունների կամ գոնե կինոերկրների շարք անցկացնել:
Ոսկին Հայաստանի իշխանական համակարգի համար, անշուշտ, առանցքային կողմնորոշիչ է, սակայն՝ ոչ ծիրանի տեսքով: Այնպես որ՝ թե ում ուսերին կդնեն դատախազական ծիրանին, Հայաստանում օրենքի և իրավականության տեսանկյունից բացարձակ նշանակություն չունի, եթե նույնիսկ նոր գլխավոր դատախազը ոչ միայն հրաժեշտ տալիս, այլև դատախազության շենք մուտք գործելիս համբուրի դուռը:







































