«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է նախկինում ավագ խորհրդատու և Լոնդոնի International Alert կազմակերպության «Եվրասիա» ծրագրի ղեկավար, Երևանի Տարածքային հետազոտական կենտրոնի փոխտնօրեն, Երևանի պետական համալսարանում և ԱՄՆ-ի Բոուլինգ Գրինի համալսարանում Կովկասյան տարածաշրջանի և Միացյալ Նահանգների վերաբերյալ քաղաքագիտական մի շարք առարկաներ դասավանդած, «Եվրասիա համագործակցություն» հիմնադրամի տնօրեն Գևորգ Տեր-Գաբրիելյանը:
– Պարոն Տեր-Գաբրիելյան, ՌԴ-ում Սերժ Սարգսյանի՝ ՄՄ-ին միանալու ցանկության մասին հայտարարությանը հետևեցին բազմաթիվ ԵՄ չինովնիկների քննադատական արձագանքները՝ ուղղված Հայաստանին: Սակայն փոքր–ինչ ուշ՝ սեպտեմբերի 12-13-ին, ՀՀ-ում էին Արևելյան գործընկերության երկրների ԱԳ նախարարներն ու Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն ասել է, որ ԵՄ-ն չի հրաժարվում Հայաստանից, պատրաստ է լսել իր հայ գործընկերներին՝ նոր իրավական շրջանակի շուրջ պայմանավորվածության գալու համար: Ինչպե՞ս եք գնահատում ԵՄ-ի արձագանքը և այն, որ ԵՄ-ն, այնուամենայնիվ, չի փակում իր դռները Հայաստանի առջև:
– Արձագանքն ուղղված էր ոչ թե Հայաստանին, այլ այդ հայտարարության անսպասելիությանը, քանի որ Եվրամիության հետ բանակցությունների ընթացքում պարոն Սերժ Սարգսյանը կամ նրա ներկայացուցիչները երբևէ չեն ասել, որ կարող է այդպիսի անսպասելի շրջադարձ կատարեն: Շատ ուրիշ բաներ են ասվել, բայց՝ ոչ դա, ինչը ցույց է տալիս, որ Հայաստանի կառավարությունը անկանխատեսելի է Եվրոպայի համար, և բնականաբար՝ դա դրական արձագանք չէր կարող առաջացնել:
Եվրոպան, իհարկե, չի փակի իր դռները Հայաստանի առջև: Բայց ի՞նչ է նշանակում դա: Դառնալ Եվրամիության անդամ՝ մեզ չէր առաջարկվել, եթե անգամ առաջարկվեր, արդեն պարզ է՝ այս կառավարությունը չէր ընդունի: Առաջարկվել էր Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր, որն անդամությանը չհասնող լավագույն տարբերակն է կարծես: Դա էլ տապալվեց: Եթե դռներ չփակելը նշանակում է, որ դարձյալ այցագրեր կտա ու ինչ-որ օգնություն կհատկացնի, իհարկե՝ մենք հո թշնամի՞ չենք: Ինձ թվում է՝ շատ ավելի քիչ օգնություն կհատկացնի: Իսկ թե ո՛ր ձևաչափը կլինի նոր իրավական շրջանակը, պետք է դեռ ձևակերպել, պատկերացնել, թե դա ինչ կընդգրկի: Եվ, իհարկե, այս անգամ իր դասը սովորած Եվրոպան շատ ավելի կթողնի Հայաստանի կառավարության նախաձեռնությանը, ու ինքը շատ ավելի քիչ ակտիվություն կդրսևորի այդ հարցում, որպեսզի կրկին չմնա փշալարերի վրա:
– ԵՄ հանձնակատարը նաև նկատել էր, որ ԵՄ-ն այլևս ՀՀ իշխանությունների նկատմամբ վստահություն չունի, բայց պատրաստ է շարունակել համագործակցությունը Հայաստանի հետ, եթե վստահություն լինի: Ի՞նչ եք կարծում՝ ՀՀ իշխանություններն այսուհետ ինչպե՞ս կարող են վստահելի գործընկեր լինել ԵՄ-ի համար: Դա հնարավո՞ր է:
– Ցանկացած կառավարություն վստահելի գործընկեր լինելու համար պիտի այնպես անի, որ դիմացինը կարողանա նրա պարանին շոր փռել: Եթե հայաստանյան կառավարության պարանին շոր փռել հնարավոր լինի, ապա կլինի և վստահություն: Վստահություն նշանակում է կանխատեսելի, բաց լինել. երբ կառավարությունը իր անելիքները քննարկում է հասարակության, միջազգային հանրության հետ, ապա և՛ հասարակությունը, և՛ միջազգային ուժերը գիտեն՝ ինչ կարելի է սպասել: Դա է վստահությունը: Եթե չի քննարկում, ապա վստահություն չկա: Վստահությունն ուղիղ համեմատական է ժողովրդավարությանը, քանի որ ժողովրդավար կարգերը սովորաբար շատ ավելի բաց ու թափանցիկ են լինում, քան ավտորիտար կարգերը: Այսինքն՝ այն որոշումը, որը գալու է, դանդաղ է հասունանում է ու բոլորինն է կամ մի մեծ խմբինը, ու մինչ այդ՝ հասարակությունը քննարկում է, մեդիաները տեղյակ են պահվում, ու դրա հետևանքները հաշվարկվում են: Ամենաանվստահելին անկանխատեսելի բռնատերերն են, որ առավոտն արթնանում ու մտքներով մի բան են անցկացնում, ասենք՝ պատերազմ սկսել, ու սկսում են. այն, ինչ խորհրդային տարիներին կոչվում էր վոլյունտարիզմ: Որոշում՝ կախված բռնատիրոջ քմահաճույքից, պետության և հասարակության համար անսպասելի, գուցե վնասակար, անկանխատեսելի հետևանքներով, նախկին քաղաքականությանը առանց տրամաբանության հակասող:
Վստահում են ուժեղին: Ուժեղն այն ուժն է, որ համախմբված է, որ համոզված է, որի տարբեր օղակներ իրար փոխլրացնում ու իրար հետ համահունչ են գործում: Ժողովրդավարությունն ուժ է: Վստահությունը դիմացինիդ հանդեպ նաև հարգանք է նրա նկատմամբ, կասկածամտության բացակայություն, ու դա դիմացինիդ իմաստնության, հեղինակության, ուժի ու ինքնիշխանության նշան է: Բռնատերերը հենց դրա համար էլ թույլ են. նրանք կարող են ավանտյուրիստաբար գրավ դնել իրենց պետության ճակատագիրը: Բայց կան ավանտյուրիստներ, որ բռնատեր էլ չեն, թույլ են՝ բռնատեր լինելու համար, ուղղակի գրավ են դնում՝ ինչ կարող են, և վերջ՝ լինի գործարան, թե երկիր: Մսխում են: Զուտ ավանտյուրիստ են: Էդպես գիտեն:
– Պարոն Տեր-Գաբրիելյան, վերջին երեքուկես տարիների ընթացքում, երբ բանակցության սեղանին էր ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն ու Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը, ԵՄ-ն ակտիվացրել էր իր շփումները հայաստանյան թե՛ քաղաքական, թե՛ քաղաքացիական շրջանակների հետ՝ նաև ֆինանսավորելով: Հիմա արդեն բավականին հիմնավոր խոսակցություններ կան, որ ԵՄ-ն կրճատելու է ֆինանսավորումը և համագործակցությունը: Ի՞նչ պետք է անի ԵՄ-ն, որպեսզի ձեռք բերվածը պահպանվի: Ինչպե՞ս պետք է այսուհետ աշխատի քաղաքացիական և քաղաքական սեկտորի հետ, ի՞նչ ձևաչափի մասին կարելի է խոսել, որպեսզի, այնուամենայնիվ, հասարակության մի մեծ հատվածի համագործակցության պահանջը թեկուզ մասամբ բավարարվի:
– Ձեռք բերվածը, ճիշտն ասած, շատ փոքր է: Պատկերացրեք մի ճանապարհ, որ պիտի ունենա, ասենք, հարյուր կիլոմետր երկարություն, որի երեսուն մետրն ասֆալտապատեցին ու հետո որոշեցին դադարեցնել շինարարությունը: Դա ծրագրի հսկայական կոլապս է: Կառավարությունը հաջողացրեց ամբողջ Եվրոպային վիրավորել: Պուտինին դա պետք էր, Հայաստանին պե՞տք էր:
Եվ հատկապես քաղաքացիական հասարակությանը հասած օգնությունը մեծ չէր ֆինանսական չափով, ավելի ճիշտ՝ այդ գործընթացի մեջ հայաստանյան քաղաքացիական հասարակությունն էր ներդնում՝ իր ուժերի չափով, ինչ որ կարող էր՝ համարելով, որ դա կարևոր գործընթաց է, իսկ Եվրոպան պայմաններ էր տրամադրում, ֆինանսապես օգնում, կառավարությունն էլ չէր խանգարում: Եթե համեմատեք, ասենք, Հայաստանի ՀԿ-ներին տրամադրված օգնության չափերը Վրաստանի ՀԿ-ներին տրամադրվածի հետ, իսկույն կտեսնեք տարբերությունը: Հարցն էլ հենց այդ է, որ Եվրոպայի հետ մերձեցման գործընթացը մի քանի նախկին կառավարությունների կողմից հայտարարված էր Հայաստանի ռազմավարական առաջնահերթություն, Հայաստանն էր ձգտում այդ գործընթացի մեջ ներգրավվել, այն ակտիվացնել ՝ իր կառավարությամբ, քաղաքական ուժերի մի նշանակալի խմբով, իր քաղաքացիական հասարակությամբ: Հիմա քանի որ այս կառավարությունը, ըստ երևույթին, այլևս այդքան չի ձգտելու, քանի որ այլ առաջնահերթություն է հայտարարել, քաղաքացիական հասարակության ու քաղաքական սպեկտորի մի շատ ավելի փոքր մաս, քան նախկինում, կշարունակի ձգտել: Եվրոպան, ըստ երևույթին, մի կողմից՝ այդ ձգտմանը բարյացակամ կվերաբերվի, մյուս կողմից՝ դա իր համար էլ ավելի քիչ առաջնահերթություն կլինի, քան նախկինում էր:
Եվրոպան բարդ է: Նա դժվար է միավորվում արտաքին հարցերի շուրջ: Ձգտումներն ու արտաքին առաջնահերթությունները տարբեր են տարբեր եվրոպական երկրների մոտ: Այն, որ Արևելյան գործընկերության երկրներն առանձնահատուկ նշանակություն ունեն, և նրանց հետ համագործակցությունը ռազմավարական նպատակ է Եվրամիության համար, դժվար են այդ երկրները հասկանում, հասկանում են տարբեր չափով: Ասենք՝ Արևմտյան Բալկանների նկատմամբ Եվրոպայում այդպիսի տարակուսանք չկա, իսկ նախկին խորհրդային տարածքների նկատմամբ կա: Իրենցից շատերն էլ էին համարում, որ սա Ռուսաստանի ետնաբակն է: Դե, թող նա էլ զբաղվի:
Երկար ժամանակ ու աշխատանք պահանջվեցին շատերի կողմից, առանց փոխհատուցման ներդրումներ՝ այդ դժվար ու ծանր Եվրոպան առաջ շարժելու ու Արևելյան գործընկերության ու Հայաստանի համար քիչ թե շատ տրամաբանական ու հեռանկարային ճանապարհ գծելու համար:
Այսինքն՝ հետաքրքրությունն առանց այն էլ թույլ էր, իսկ հիմա է՛լ ավելի է թուլանալու: Ինչքան անհաջող ստացվի Արևելյան գործընկերությունը, այնքան ավելի կասկածելի է, որ Եվրոպան նրանով մտահոգվի: Իսկ Հայաստանի կառավարության վերջին «ֆինտը» թուլացնում ու անհաջողության է մատնում այդ ծրագիրն ամբողջությամբ:
Ուրեմն հիմա թող Ռուսաստանը դա անի՝ օգնություն, զարգացում, բարեփոխումների քաջալերում: Բայց Ռուսաստանը, ինչպես գիտենք, դա չի անում: Ռուսաստանն ինքնիշխան ստրուկտուրաներ զարգացնելու ավանդույթ չունի: Նա ուղղակի իր մեջ է կլանում կամ գործում է՝ ելնելով իր նեղ շահից: Փափուկ ուժի այդ կոնցեպցիան Ռուսաստանը շատ ուշ է հայտնագործել և ժողովրդավարության այն աստիճանի վրա չէ, որ կիրառի ճիշտ ու անկեղծ ձևով: Ուրեմն լինելու է բոլոր տեսակետներից տասներորդական իրավիճակ: Էլի մեր ճակատագիրը մեր ձեռքն է՝ եթե մի բան անենք, կանենք, չանենք, ոչ մեկը մեզ չի օգնի: Ոչինչ չի փոխվել, միայն մի տասնհինգ տարի անդառնալի կորցրինք: Դա կյանքի մի մեծ կտոր է:
Եվ ուրեմն՝ էմոցիոնալ ընդհանրացում.
Մենք տեսնում ենք, որ Հայաստանի անկախացումից և Ղարաբաղյան պատերազմից ի վեր ոչ մի կարևոր հարց փաստորեն չի լուծվում: 1994-ի հրադադարի պայմանագրից հետո Մինսկի խումբը ոչ մի հաջողություն չի արձանագրել: Եվրոպայի խորհրդին անդամակցելը, սկզբնական շրջանում Ռուսաստանի հետ քիչ թե շատ հավասարազոր, փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ զարգացնելը նույնպես հաջողություն էին: Բայց անցել է քսան տարի, և կամաց-կամաց այդ բոլոր ոչ շատ մեծ հաջողություններն անիմաստ են դառնում, կամաց-կամաց Հայաստանը, ժամանակ կորցնելով, դուրս է մնում մեծ աշխարհի զարգացումից: Բոլոր պետական մասշտաբի ծրագրերը տապալվում են: Թուրքիայի հետ սահմանը փակ է: Արցախի հարցը լուծված չէ: Հայկական տարածքներից մարդաթափությունը շարունակվում է: Ովքեր կարողանում են, լքում են երկիրը: Եվրոպայից սույն կառավարությունն իրեն դուրս հայտարարեց: Ամբողջ տարածքը դարձել է ինչ-որ մեկի գերակա շահ: Ինքնիշխանությունը զրոյանում է: Ծառն ու գազանը վերանում են: Եվ այլն: Երևի շուտով մի քանի համերգ կկազմակերպվի Հյուսիսային պողոտայում: Ջահելները կպարեն: Խրախճանք՝ ժանտախտի ժամին:
Դա շատ տխուր է: Ես ցավում եմ Հայաստանի համար: Դեռ 1990 թվին մի հարցազրույցում Հրանտ Մաթևոսյանն ասել էր՝ բառացի չեմ կարող վերարտադրել, բայց մոտավորապես հետևյալն էր ասել. մեր ճակատագիրն է՝ համագործակցել աշխարհի ամենամութ ուժերի հետ և թշնամի լինել աշխարհի ամենապրոգրեսիվ ու լավ ուժերին: Եվ ինչպես հաճախ՝ այս դեպքում էլ նա փաստորեն ճիշտ ու դաժան կանխագուշակում արեց: Մի՞թե դա է Հայաստանի ճակատագիրը՝ կուլ գնալ աշխարհի մութ ուժերին: Մի՞թե դիմադրողների ուժը չի հերիքի՝ փոխելու այդ ընթացքը:









































