Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը պետք է գիտակցի, որ նա չի կարող հակամարտությունը լուծել ռազմական ուժով: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Ուիլյամ Հեյգի հետ բանակցություններից հետո:
«Վարչակարգը պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, նա պետք է հասկանա՝ հակամարտության ռազմական լուծում չկա: Կա միայն քաղաքական լուծում»,- ասել է նա:
Լորանի խոսքով՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը պետք է պատժամիջոցներ ներառի նրանց դեմ, ովքեր հանցագործություններ են կատարել Սիրիայում:
«Մենք ցանկանում ենք, որ առաջիկա օրերին ՄԱԿ ԱԽ-ն ընդունի կոշտ բանաձև… որը կնախատեսի լուրջ պատժամիջոցներ՝ չկատարելու դեպքում: Բանաձև, որը վերջապես ցույց կտա պատասխանատվությունը նրանց հանդեպ, ովքեր հանցագործություններ են կատարել Սիրիայում»,- ասել է Ֆաբիուսը:









































