ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո հաղորդել է, որ Մոսկվան և Վաշինգտոնը պատրաստ են ֆինանսավորել սիրիական քիմիական զենքի զինանոցի ոչնչացման ծախսերը, սակայն կողմերը հույս ունեն, որ գործողությանը կմիանան նաև այլ երկրներ:
Իր հերթին Լավրովը նշել է՝ «քանի որ եղել են երկրներ, որոնք պատրաստ են վճարել պատերազմի համար (Պարսից ծոցի պետությունները), ապա կգտնվեն երկրներ, եթե ոչ՝ դրանք, այլ ուրիշ, որոնք պատրաստ կլինեն վճարել խնդրի խաղաղ լուծման համար»:
«Կոմերսանտ» թերթի տվյալներով՝ ԱՄՆ-ը կարծում է, որ սիրիական քիմիական զենքի ոչնչացման համար կպահանջվի շուրջ 150 միլիոն դոլար: Սակայն Ռուսաստանը կարծում է, որ գումարն ավելի շատ կլինի:
Ռուսաստանի պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը նշել է, որ ամերիկացիներն առաջարկել են սիրիական քիմիական զենքն ուղարկել Ռուսաստան, քանի որ Մոսկվայում այն ոչնչացնելու հնարավորություններ կան: Սակայն ռուսական կողմը մերժել է այս գաղափարը: Արդյունքում քիմիական զինանոցի ոչնչացման վայրի վերաբերյալ հարցի քննարկումը հետաձգվել է: Չի բացառվում, որ աշխատանքները կիրականացվեն Սիրիայի հարևան երկրների՝ Թուրքիայի և Հորդանանի տարածքում:











































