«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Զերկալո» ադրբեջանական թերթի քաղաքական տեսաբան, ադրբեջանցի քաղաքագետ Ռաուֆ Միրկադիրովը:
– Պարոն Միրկադիրով, վերջին շրջանում Ռուսաստանի գործադրած ճնշումները Հայաստանի նկատմամբ հասան իրենց նպատակին՝ ՀՀ նախագահը հայտարարեց ՄՄ-ին միանալու ցանկության մասին: Երբ Ռուսաստանը ստացավ այն, ինչ ցանկանում էր Հայաստանից, ո՞ր երկիրն է հայտնվելու նրա թիրախում՝ տարածաշրջանում իր ազդեցությունն ընդլայնելու նպատակով:
– Ռուսաստանն արդեն ճնշումներ է սկսել Ադրբեջանի դեմ: Ուշադրություն դարձրեք, թե ինչով է զբաղվում ռուսական փորձագիտական հանրությունը՝ դեռևս երկու շաբաթ առաջ նրանք վախեցնում էին Հայաստանին նրանով, թե տեսեք՝ Ռուսաստանն ու Ադրբեջանը բարեկամություն են անում և այլն, և այլն… մի փոքր էլ՝ և Ռուսաստանն արդեն Լեռնային Ղարաբաղը կհանձնի Ադրբեջանին, ինչի արդյունքում Հայաստանը կհայտնվի բարդագույն իրավիճակում: Ռուս-ադրբեջանական հարաբերություններն օգտագործվեցին Հայաստանի դեմ՝ որպես ճնշում: Թե որքանո՞վ էր այդ ճնշումն իրական, որքանո՞վ էր այն շանտաժ՝ դա այլ հարց է: Կարևորն այն է, որ Հայաստանը կուլ տվեց այդ խայծը: Ես գիտեմ նաև, որ Սերժ Սարգսյանն այլ տարբերակ և հնարավորություն չուներ:
Այսօր տեղի է ունենում հակառակը՝ ռուս փորձագետները հայտարարում են՝ եթե Ադրբեջանը փորձի ինչ-որ այլ բան անել, ապա վերջնականապես կկորցնի Լեռնային Ղարաբաղը, ուստի Ադրբեջանին անհրաժեշտ է հրատապ որոշում կայացնել և ներգրավվել պուտինյան եվրասիական պրոյեկտների մեջ: Այսինքն՝ նույն սխեման Ռուսաստանն օգտագործում է Ադրբեջանի դեմ: Կարծում եմ, որ Ադրբեջանի նախագահական ընտրություններից որոշ ժամանակ անց ավելի լուրջ քաղաքական գործիչներ կխոսեն այդ մասին, չի բացառվում, որ ինչ-որ կերպ այդ մասին խոսի նաև Պուտինը: Ռուսաստանը կփորձի օգտագործել դա որպես խայծ:
Երկու ուղի կա ԼՂ հակամարտության նման հակամարտությունները կարգավորելու համար: Դրանցից առաջինը հակամարտող կողմերի կողմից քաղաքական կամքի դրսևորումն է. ձեռք է բերվում քաղաքական համաձայնություն, և դրա շրջանակում լուծվում են բոլոր խնդիրները: Եթե կա քաղաքական կամք, կարող է օգտագործվել մի քանի ֆորմատ: Երկրորդ ուղին՝ հակամարտությունը այս կամ այն պատճառով կորցնում է ակտուալությունը: Ռուսաստանը փորձում է իրադարձությունները տանել հենց այդ երկրորդ ճանապարհով: Այսինքն՝ այնքան այս ամենը կձգձգվի, որ ակտուալությունը կկորի, հետո կհրավիրի տղաներին Թբիլիսի ու կասի՝ երեխաներ, ահա և տարբերակը. «Երեխաներ, Ձեր ինչ գործն է արդեն՝ և Ադրբեջանն է մերը, և Հայաստանը, իսկ Ղարաբաղը առավել ևս մերն է»:
– Այդ կերպ Ռուսաստանն ի՞նչ հավելյալ լծակներ ձեռք կբերի տարածաշրջանում:
– Ադրբեջանին կսկսեն սպառնալ այնպես, ինչպես Հայաստանին՝ ԼՂ-ում ստատուս-քվոն կփոխվի: Ռուսներն Ադրբեջանին կասեն. «Եթե չմասնակցեք պուտինյան ինտեգրացիոն գործընթացներին, մենք կճանաչենք Ղարաբաղը»: Բայց չեն ասի՝ եթե մասնակցեք այդ ինտեգրացիոն գործընթացներին, կվերադարձնեն Ղարաբաղը Ադրբեջանին. նման խոստում երբեք չի լինի: Ռուսաստանի խոստումը կլինի գործող ստատուս-քվոն պահպանելը:
Ռուսաստանին այսօր ընդհանրապես ձեռնտու չէ հակամարտության կարգավորումը՝ այն պարզ պատճառով, որ երբ Ռուսաստանն անի միանշանակ ընտրություն Հայաստանի ուղղությամբ, դա կդառնա Ադրբեջանի և Հայաստանի նկատմամբ հնարավոր լծակի ակնհայտ կորուստ: Հիշենք, թե Թուրքիան ինչ հայտարարեց՝ հակամարտության կարգավորման դեպքում Թուրքիան կերաշխավորի ՀՀ անվտանգությունը, իսկ Ադրբեջանը հայտարարում էր՝ երբ հակամարտությունը կարգավորվի, իրենք պատրաստ են Հայաստանին ապահովել էներգառեսուրսներով: Ուստի եթե Ռուսաստանն ադրբեջանական կողմը բռնի, Հայաստանի ձեռքերը կազատվեն:
Իմ կարծիքով՝ քանի դեռ ՄՄ-ն ու Եվրասիական պրոյեկտներն ավարտված և գործունակ չեն, Ռուսաստանը որևէ քայլ չի կատարի հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ: Այլ հարց է, որ ԱՄՆ-ն է փորձում ակտիվացնել հակամարտության խաղաղ կարգավորումը: Նրանք ցանկանում են, որպեսզի Սերժ Սարգսյանը և Իլհամ Ալիևը քաղաքական կամք դրսևորեն և պայմանավորվեն:
– Պատահակա՞ն եք համարում, որ հենց այս փուլում է ԱՄՆ-ն առանձնակի ուշադրություն դարձնում ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացին:
– Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին հղված ուղերձում Բարաք Օբաման երեք շեշտադրում էր կատարել՝ հակամարտությունը պետք է լուծվի, պայմանավորվածությունների առարկան պարզ է, զբաղվենք այդ գործով, հակամարտությունը պետք է կարգավորվի առաջիկա ամիսների ընթացքում: Հարավային Կովկասը ՌԴ-ի համար միջանցք է, որով տարածվում է ՌԴ քաղաքական ազդեցությունը Մերձավոր Արևելքի վրա. սա խոշորագույն տարածաշրջան է, այսինքն՝ պատուհան դեպի Արևելք: Իսկ այսկերպ ԱՄՆ-ը հակազդում է հետխորհրդային տարածաշրջանի վրա: Հայաստանը խանգարում է ԱՄՆ-ին, իսկ Ռուսաստանին՝ հակառակը, ուստի ԱՄՆ-ը ցանկանում է հակամարտությունը հանել օրակարգից՝ իր ազդեցությունը այստեղ մեծացնելու համար: ԱՄՆ-ին Հարավային Կովկասը գրավելու համար Հայաստանը խանգարում է, ուստի լուծելով հակամարտությունը՝ ԱՄՆ-ը կսահմանի իր վերահսկողությունը Հարավային Կովկասում:









































