Մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսի գլխավորած պատվիրակությունն այցով գտնվում է Իրանում:
IRIB գործակալության փոխանցմամբ՝ այցի նպատակը երկկողմ և տարածաշրջանային համագործակցության հաստատումն է, ինչպես նաև առկա համագործակցության զարգացումը:
Ամոսն այցի շրջանակում սեպտեմբերի 15-ին հանդիպել է Իրանի արտգործնախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆի հետ:
Զարիֆը հայտնել է, որ իր երկիրն աջակցում է սիրիական ճգնաժամի քաղաքական լուծմանը: «Մենք դատապարտում ենք քիմիական զենքի կիրառման փաստերը, անկախ այն բանից՝ որտեղ և ում կողմից է կիրառվել»,- ասել է արտգործնախարարը: Նրա խոսքով՝ ՄԱԿ-ը պետք է ավելի ակտիվ դեր խաղա սիրիական ճգնաժամի քաղաքական լուծման և տարածաշրջանի ժողովուրդների վրա մարդկային բացասական ազդեցության վերացման գործում:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալն իր հերթին անհանգստություն է հայտնել Սիրիայում հակամարտության շարունակման և էմիգրանտների թվի աճի առնչությամբ: «Իրանի գլխավորությամբ, ազդեցիկ պետությունների օգնությամբ ճգնաժամը պետք է լուծվի քաղաքական ճանապարհով, և Սիրիայում պետք է խաղաղություն ու կայունություն հաստատվի»,- ասել է նա: