Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն զանգվածային մարզական միջոցառման ժամանակ ընկել է հեծանվից: Միջոցառումը տեղի էր ունենում կիրակի օրը՝ հարավամերիկյան հանրապետության մայրաքաղաքի կենտրոնում:
Ըստ տեղեկությունների՝ նախագահը չի տուժել:
Մադուրոն ընթանում էր հեծանվորդների շարքի առջևից՝ մեկ ձեռքով բռնելով ղեկը, մյուսով ողջունելով անցորդներին: Նա, ըստ երևույթին, կորցրել է կառավարումը և ընկել ասֆալտին: Դրանից հետո ընկել են նրան բոլոր կողմերից շրջապատող հեծանվորդները: ITAR-TASS-ի փոխանցմամբ՝ ոչ ոք լուրջ վնասվածք չի ստացել:
Նախագահն այդ փաստին հումորով է վերաբերվել: «Երբ մենք ընթանում էինք Լեկունայի պողոտայով, ես շեղվեցի և բաց թողեցի ղեկը, մենք բոլորս ընկանք և անմիջապես բարձրացանք՝ ծիծաղից մեռնելով»,- ասել է նա: