Ութ տարեկան Գաբի Ուիլյամսը 5 կիլոգրամ է, իսկ դիմագծերն ու մաշկը ասես նորածնի լինեն: Մայրը նրան կերակրում է, փոխում տակդիրները, օրորում օրորոցում՝ ինչպես երեխայի կյանքի առաջին օրերին: Այս երեխայի տարիքը փաստացի չի փոխվում:
Վերջին 2 տարիներին Գաբիին հետազոտում է Ռիչարդ Ուոլքերը, ով փորձոմ է գտնել ծերացման գործընթացի կասեցման մեխանիզմները:
«Որոշ մարդկանց մոտ կյանքի որոշակի փուլում կենսաբանական զարգացումը կանգ է առնում,- ասել է գիտնականը:- Օրգանիզմում փոփոխությունները այնքան են դանդաղում, որ գրեթե անտեսանելի են դառնում»:
Գիտնականներին հետաքրքրում են ոչ թե դրա հետևանքները, այլ պատճառները:
Ուոլքերի խոսքով՝ այս մարդիկ, բացի չմեծանալուց, տառապում են նաև մի շարք հիվանդություններով, ինչպիսիք են խլությունը, քայլելու, ինքնուրույն ուտելու և խոսելու անկարողությունը:
Ուոլքերը բացատրում է, որ ֆիզիոլոգիական փոփոխություններն անհրաժեշտ են մարդու նորմալ գոյատևման համար: Առանց այդ փոփոխությունների օրգանիզմում քաոս կսկսվի:
Ուոլքերի հետազոտած մարդկանցից մեկի մոտ գեներից մեկը վնասվել է, իսկ եթե հնարավոր լիներ տարբերակել այդ գենը, այն կարող էր հույժ կարևոր բացահայտում դառնալ:
Դա չէր նշանակի, որ մարդիկ այլևս չէին մահանա, պարզապես հնարավորություն կունենային խուսափել ծերունական անկարողությունից: Մարդը մինչև իր կյանքի վերջը կկարողանար իրեն ֆիզիկապես սպասարկել: Հենց այդ պատճառով էլ այդքան կարևոր է Գաբի Ուիլյամսի գենետիկական կոդի ուսումնասիրությունը՝ փոխանցում է mixstuff.ru-ն:













































