ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տեղի է ունենում մարդասիրական աղետ։
«Այսօր մենք բախվում ենք մարդասիրական աղետի, աղետի այս տարածաշրջանի անվտանգության ոլորտում, և այն աճում է»,-ասել է Թրամփը՝ հանդես գալով ահաբեկչության դեմ պայքարի մասին ելույթով Էր Ռիադում՝ մուսուլմանական երկրների առաջնորդների հետ գագաթնաժողովի ժամանակ։
«Մերձավորարևելյան տարածաշրջանի ներուժը զսպում են արյունահեղությունն ու ահաբեկչությունը»,-հայտարարել է Թրամփը՝ նշելով ներկայում հակամարտությամբ չճարակված երկրների հետագա արմատականացման վտանգը։
Նրա խոսքով՝ Էր Ռիադի հանդիպումը կարող է դառնալ Մերձավոր Արևելքում, և հավանաբար դրա սահմաններից դուրս խաղաղության մեկնարկ։ «Մենք կամրապնդենք առկա միությունները և կստեղծենք նորերը՝ խթանելով անվտանգությունն ու կայունությունը Մերձավոր Արևելքում և դրա սահմաններից դուրս»,-ասել է Թրամփը։
Նախագահն առաջարկել է մուսուլմանական երկրներին գլխավորել արմատականության դեմ պաքարը։ Նա կոչ է արել իսլամական երկրներին ապաստան չտրամադրել ահաբեկիչներին։ «Տարածաշրջանում յուրաքանչյուր երկիր պետք է հասնի նրան, որպեսզի ոչ մի ահաբեկիչ ապաստան չգտնի նրա տարածքում»,-ասել է Թրամփը։
ԱՄՆ նախագահը մեղադրել է Իրանին ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Նրա կարծիքով՝ Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմն աներևակայելի հանցագործություններ է կատարել Իրանի աջակցությամբ։









































