Եվրահանձնաժողովը մտադիր է տուգանել Facebook ընկերությանը 2014 թվականին WhatsApp մեսենջերի գնման պայմանների մասին կեղծ տեղեկատվության տրամադրման համար։ Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով ԵՄ հետաքննությանը մոտ աղբյուրներին։
Տուգանքը կարող է հասնել ողջ աշխարհում ընկերության կողմից ստացվող եկամտի 1 տոկոսին, ինչը կկազմի 276 մլն դոլար, եթե հաշվի առնենք Facebook-ի 2016 թվականի եկամտային տվյալները։ Պարբերականի տեղեկություններով՝ ԵՄ-ում միտումնավոր ծրագրում են տուգանքի զգալի չափ սահմանել՝ այլ ընկերություններին ազդանշան ուղարկելու համար։
Facebook-ի դեմ Եվրահանձնաժողովի պաշտոնական հետաքննությունը բացվել է անցած տարվա դեկտեմբերին։ Բրյուսելում նշել են, որ ընկերությունը հայտնել էր, թե մտադիր չէ անցկացնել Facebook-ի և WhatsApp-ի օգտահաշիվների ավտոմատ միավորում, սակայն դա արվել է 2016 թվականի օգոստոսին։









































