Ամենահայտնի թուրք երգիչներից մեկը` Օզջան Դենիզը իր էջից հեռացրել է տեսահոլովակը, որտեղ նա ձայնակցում է հայկական «Մի գնա» երգին` Super Saqo-ի և Հայկ Ղևոնդյանի (Սպիտակցի Հայկո) կատարմամբ: Դրա պատճառը դարձել են ադրբեջանցի օգտատերերի քննադատական հաղորդագրությունները, հայտնում է rusarminfo.ru-ն:
Օզջան Դենիզը Instagram-ում պարզաբանել է իրադրությունը` կոչ անելով թշնամանքը չտեղափոխել քաղաքականից ստեղծագործական ոլորտ:
«Ես երաժիշտ եմ: Չեմ կարող թշնամի լինել ոչ մի ժողովրդի երաժշտությանը: Այդ երգը ես լսել եմ ռադիոյով, իմ թիմի հետ մենք զվարճացել ենք, չմտածելով, թե ինչ լեզվով է դա: Մենք այդ պահը կիսվել ենք ձեզ հետ: Հաղորդագրություններից հետո ես հասկացա, որ դա եղել է հայկական երգ: Ես քաղաքական գործիչ չեմ և չեմ զբաղվում քաղաքականությամբ: Հասկանում եմ մեր ադրբեջանցի եղբայրների զայրույթը: Ես հասկացա, թե ինչ եք դուք զգում դրա նկատմամբ, և հեռացրի իմ հրապարակումը»,- գրել է երգիչը:
Իր հրապարակման մեջ Դենիզն ավելացրել է, որ «չի մտածում և չի կարող մտածել այնպես», ինչպես նրանք, ովքեր գրել են հաղորդագրությունները, քանի որ Թուրքիայում ապրում են շատ հայեր, որոնք հանդիսանում են երկրի նույնպիսի քաղաքացիներ, ինչպես ինքը:
«Ես չեմ նայում ով է իմ առջև` թուրք, քուրդ, հայ, արաբ կամ հույն: Հակառակ դեպքում ես չէի լինի արտիստ: Ես նրանց նայում եմ որպես մարդկանց: Մենք մի ժողովրդի և մի հողի երեխաներ ենք»,- նշել է նա:







































