«Արևելյան գործընկերության» ոչ պաշտոնական երկխոսության շրջանակներում այսօր տեղի ունեցավ նաև մասնակից երկրների կրթության և գիտության նախարարների հանդիպում, որին ներկա էր Եվրոպական հանձնաժողովի կրթության, մշակույթի, լեզվական բազմազանության և երիտասարդության հարցերով հանձնակատար Անդրուլա Վասիլուն:
Պատասխանելով «Առաջին լրատվական»-ի հարցին, թե Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը տեղի չունենալու դեպքում ԵՄ-ն կկասեցնի՞ արդյոք Հայաստանի հետ որոշ կրթական ծրագրերը, նա հայտարարեց, որ Հայաստանի հետ որևէ կրթական կամ գիտական նախագիծ չի կասեցվելու, եթե նոյեմբերին Վիլնյուսում մեր երկիրը չստորագրի Եվրամիության հետ այդ փաստաթուղթը: «Ես կցանկանայի նշել, որ Ասոցացման համաձայնագրի չստորագրումը չի նշանակում, որ բոլոր կապերը մենք կտրում ենք»,- հայտարարեց Ա. Վասիլուն:
«Շնորհակալություն, տիկին հանձնակատար: Չնայած որոշ մարդիկ գուցե և հիասթափվեցին Ձեր պատասխանից, բայց ես շատ շնորհակալ եմ հստակ պատասխանի համար»,- միանգամից արձագանքեց ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը:
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով Շտեֆան Ֆյուլեն լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, որ նոյեմբերին Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը, քանի որ այն անբաժանելի է Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագրից: Իսկ հարցին, թե հնարավո՞ր է, որ ԵՄ-ն Հայաստանի հետ համագործակցության նոր ծրագրեր առաջարկի, Շ.Ֆյուլեն ասել էր, որ ինքն այստեղ է նաև Հայաստանից նոր առաջարկներ լսելու համար:
Լրագրողների այն հարցին, թե ՀՀ իշխանությունները ի՞նչ նոր առաջարկներ ունեն ԵՄ-ին, Արմեն Աշոտյանը, ով նաև Հանրապետական կուսակցության արտաքին հարցերով հանձնաժողովի ղեկավարն է, առայժմ չցանկացավ պատասխանել՝ ասելով, որ ինքն այդ միջոցառմանը ներկա է որպես կրթության և գիտության նախարար:
Ինչ վերաբերում է Ասոցացման համաձայնագրի նախաստորագրման ձախողմանը, ապա Ա. Աշոտյանը լրագրողներին բազմանշանակորեն հորդորեց սպասել մինչև դեկտեմբեր և հետևել իրադարձություններին:
Միջոցառման մանրամասները դիտեք տեսանյությում:










































