Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միության անդամներից 42-ը նամակով դիմել են միության նախագահին՝ արտահերթ համագումարի պահանջով: Բացի այդ, նրանք համոզմունք են հայտնել, որ Ռոբերտ Ամիրխանյանը չարաշահել է իր լիազորությունները: Նրանցից ոմանք էլ ամիսներ շարունակ պնդում են, որ Դիլիջանի կոմպոզիտորների տունը Ռոբերտ Ամիրխանյանը ծառայեցնում է անձնական շահերին:
Հայաստանի Կոմպոզիտորների և երաժշտագետների միության նախագահ Ռոբերտ Ամիրխանյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այդ հայտարարությունը ստորագրած մարդիկ նյութականացված են, նրանց ուշքն ու միտքը Դիլիջանի կոմպոզիտորների տունը ձեռք գցելն է, և այժմ դրա կռիվն է:
«Եվ որպեսզի կարողանան իրենց նպատակին հասնել, փորձում են վարկաբեկել ինձ: Այդ կերպ համագումարի միջոցով ցանկանում են ինձ հեռացնել, որպեսզի ազատվի իրենց նպատակների իրականացման ճանապարհը»,- հավելեց նա:
Ռոբերտ Ամիրխանյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ է ամեն դեպքում ուշանում համագումարը, ինչո՞ւ չորսուկես տարի չի անցկացվել համագումար, երբ երկու տարին մեկ պետք է անցկացվեր: Ի պատասխան՝ նա ասաց. «Կներեք, դուք արդեն տանում եք ուրիշ տեղ և հաստատում իմ կարծիքը լրատվական միջոցների հանդեպ: Իմ պատասխանը հետևյալն է՝ ամեն ինչի պատասխանը կլինի համագումարի ժամանակ, այսպես ծվեն-ծվեն, կարկատած զրույցներով չի կարելի պրոբլեմին անդրադառնալ: Պրոբլեմը շատ ավելի լուրջ է, քան մեզ թվում է: Այստեղ նյութականացված մարդկանց խնդիրն է, որոնք ուզում են գրավել դաշտը»,- հավելեց նա:
Ռ. Ամիրխանյանը հայտնեց, որ համագումարը տեղի կունենա հոկտեմբերի 26-ին: «Ինձ համար դառն է ոչ թե այս իրավիճակը, այլ մեր իրականությունը, որ կարող է իր մեջ ներառել մարդու այսպիսի վարք: Ես շատ սիրում եմ մարդ արարածին, բայց զայրանում եմ, երբ այդ մարդ արարածը ընդամենը գիշատիչ գազանի նպատակներով ապրող անձնավորություն է»,- ասաց նա՝ հավելելով, որ այսօր չկա բանական և ողջամիտ զրույցի բարոյական հենք, որովհետև մարդիկ ատամները բացել և ուշքն ու միտքը կենտրոնացրել են նյութի վրա:
Դիտարկմանը՝ այս անգամ ստորագրել են կոմպոզիտորներ, որ երբևէ ակտիվ չեն եղել, նա ասաց՝ նրանց խաբել են, առաջարկել են մի բան, սակայն ուրիշ բանի տակ են նրանց ստորագրությունը ներկայացրել:
Իսկ այն դիտարկմանը, որ անդամների մեկ երրորդը ստորագրել է այս հայտարարությունը, նա պնդեց, որ, նրանք չեն կազմում միության անդամների մեկ երրորդը՝ նույն մարդը երկու անգամ է ստորագրել հայտարարության տակ. «Ահագին մարդ չի ստորագրել, և մեծ մասը, որոնց դիմել ենք, հրաժարվել է ստորագրությունը հաստատելուց, քանի որ իրենք ասել են՝ մեզ խաբել են, ուրիշ բան են առաջարկել, որի դիմաց իրենք ստորագրել են, հիմա ներկայացվել է այլ կերպ»:
Ռոբերտ Ամիրխանյանը չցանկացավ պատասխանել հարցին, թե ինչ է անում միությունը՝ որպես կառույց, որքանով է նրա գոյությունն արդարացված. «Դա լուրջ խոսակցություն է, նորից եմ ասում՝ պատասխանը դուք կգտնեք ամսի 26-ին՝ համագումարի ժամանակ»:










































