Չինաստանը մտադիր չէ միջամտել երկրների ներքին գործերին, Մետաքսի ճանապարհի նախագիծն առաջարկելով՝ Պեկինը ձգտում է միջազգային փոխշահավետ համագործակցության նոր մոդել ստեղծել: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը Մետաքսի ճանապարհի երկրների «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» համաժողովը բացելով:
«Մենք մյուս պետությունների ներքին գործերին միջամտելու մտադրություն չունենք՝ բերելով մեր սոցիալական համակարգը և զարգացման մոդելը կամ մեր կամքը պարտադրել»,- հայտարարել է Սի Ցզինպինը:
Նա նաև նշել է, որ Չինաստանը հուսով է՝ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախագծի զարգացման միջոցով կհաջողվի փոխշահավետ համագործակցության նոր մոդել ստեղծել:
Պեկինում մայիսի 14-15-ին ընթանում է «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ռազմավարության շրջանակներում միջազգային համագործակցության հարցերով բարձր մակարդակի երկօրյա համաժողովը:
Չինաստանը 2013 թ. հայտարարեց տնտեսական զարգացման «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» ռազմավարության մասին՝ ուղղված ենթակառուցվածքի ստեղծմանը և Եվրասիայի երկրների միջև փոխադարձ կապերի հաստատմանը: Ռազմավարությունը զարգացման երկու հիմնական ուղղություն է ներառում՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտին և ծովային Մետաքսի ճանապարհը: Խոսքն արտոնյալ պայմաններով Արևելքից Արևմուտք ապրանքների ուղիղ մատակարարումների համար առևտրային միջանցքի ստեղծման մասին է:










































