ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը սեպտեմբերի 13-ին ճեպազրույցների ժամանակ հրաժարվեց պատասխանել՝ որքանով էր արդարացի Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանի որդուն քրեական հետապնդումից ազատելը:
«Հետաքննության պրոցեսներն ընթանում են, իրենք համոզիչ պատասխաններ են տալիս, այնպես չէ, որ Գալուստ Սահակյանը դատավոր է և պիտի կարողանա մեկնաբանել ամեն ինչ: Նրանք, ովքեր բացասական վերաբերմունք ունեն Սուրեն Խաչատրյանի և նրա ընտանիքի նկատմամբ, ասում են՝ որոշումն անարդար է, մյուսները՝ արդար»,- ասաց նա:
Սահակյանը հրաժարվեց սեփական կարծիքը հայտնել՝ մեկնաբանելով, որ իր կարծիքը կարող էր հայտնել, եթե սովորական քաղաքացի լիներ և պատասխանատվություն չունենար: ՀՀԿ խմբակցության ղեկավարը կարծում է, որ դատարանը պիտի այս հարցով որոշում կայացնի: Լրագրողի դիտարկմանը, թե՝ այսքանից հետո ճիշտ չի՞ լինի Տիգրան Առաքելյանին ցմահ ազատազրկել, Սահակյանը կեսկատակ-կեսլուրջ պատասխանեց. «Ճիշտ կլինի քո չար լեզուն կտրել»:










































