ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նորանշանակ համանախագահ Ջեյմս Ուորլիքի վաղը կատարելիք այցը Լեռնային Ղարաբաղ իր բնույթով ճանաչողական է։ Այդ է պատճառը, որ վերջինիս այցից նոր ակնկալիքներ չկան: «Առաջին լրատվական»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասաց ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ հավելելով, որ Բակո Սահակյանի հետ հանդիպումից հետո նորանշանակ համանախագահը ներկա է լինելու ղարաբաղա-ադրբեջանական սահմանի դիտարկմանը:
«Ամերիկացի համանախագահի պաշտոնում սա Ջեյմս Ուորլիքի առաջին այցն է Ղարաբաղ, որով նա հնարավորություն կստանա մոտիկից ծանոթանալու երկրին, անձնական կոնտակներ հաստատի դրա ղեկավարության հետ, ինչը խիստ կարևոր է»,- ասաց Դավիթ Բաբայանը:
Անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի օրերս հղած ուղերձին՝ ԼՂՀ նախագահի մամուլի քարտուղարը նկատեց, որ Միացյալ Նահանգները ԼՂ հակամարտության հարցում ունի իր հստակ դիրքորոշումը և այդ դիրքորոշումն, անկախ համանախագահի փոխվելուց, անփոփոխ է մնում: «Այն, որ Օբաման ասել է՝ հակամարտությունը պետք է կարգավորվի երկխոսության միջոցով, խաղաղ ճանապարհով, շատ կարևոր է»,- ասաց նա:
Դավիթ Բաբայանի խոսքերով, անկախ ամեն ինչից՝ տարածաշրջանում յուրահատուկ հավասարակշռվածություն է ձևավորվել: «Բարեկամական հարաբերություններ և ամուր դիրքեր տարածաշրջանում ունեն ինչպես Ռուսաստանն, այնպես էլ ԱՄՆ-ը: Բոլորն էլ, իհարկե, իրենց շահերից դրդված՝ շահագրգռված են, որպեսզի տարածաշրջանում կայունություն պահպանվի: Նույնիսկ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու ֆոնին հավասարակշռվածությունը պահպանվում է: Եթե Ռուսաստանն Ադրբեջանին զենք է վաճառում, ապա, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկիր, պետք է միաժամանակ անի ամեն ինչ, որպեսզի այդ զենքը չկիրառվի: Այնպես որ, այս պարագայում ես վտանգ չեմ տեսնում»,- ամփոփեց Բաբայանը:
Քաղաքագետ Անուշ Ղալալյանն էլ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում տեսակետ հայտնեց, որ ամերիկացի նոր համանախագահի այցը, բացի ճանաչողական լինելուց, նաև նպատակ ունի տարածաշրջանում մեկ անգամ ևս շեշտելու ԱՄՆ ներկայության փաստը: «Մանավանդ Հյաաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշումից հետո Միացյալ Նահանգներն իր այս քայլով ջանում է ցույց տալ, թե որքան կարևոր դերակատարություն ունի ինքը տարածաշրջանում և հակամարտության լուշման հարցում: Հատկանշական է, որ ես Twitter-ում շփվում եմ Ջեյմս Ուորլիքի հետ, ով նշում է, որ ինքը բաց է առաջարկությունների համար և հակամարտության կարգավորմանան վերաբերյալ տեսակետներ պատրաստ է լսել ոչ միայն պաշտոնատար անձանցից, այլև սոցցանցի օգտատերերից»,- ասաց նա:
Ամփոփելով՝ Անուշ Ղալալյանը, որպես ղարաբաղցի, խիստ կարևորեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հղած ուղերձը, որով նա կրկին խաղաղության կոչ է անում հակամարտող կողմերին:











































