Այսօր` կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ, վարչապետ Կարեն Կարապետյանը տվեց հերթական հանձնարարականները, որոնցից մեկը վերաբերում էր կրթական համակարգին:
«Բազմիցս բարձրաձայնել ենք, որ մեր ամենակարևոր հարստությունը մարդկային կապիտալն է, և երկրի զարգացման համար անհրաժեշտ է մասնագիտական պատշաճ պատրաստվածություն ու համակողմանի զարգացում ապահովող կրթական համակարգ: Մեր երկրի կրթական համակարգը պետք է ապահովի միջազգային ասպարեզում մրցունակ մասնագետներ, որոնք կապահովեն մեր երկրի զարգացումը: Ակնհայտ է, որ անհրաժեշտ են կառուցվածքային և բովանդակային բարեփոխումներ թե’ հանրակրթական, թե’ միջին մասնագիտական, թե’ բուհական համակարգերում»,- ասաց վարչապետը:
Վարչապետը հանձնարարեց ԿԳ նախարարին` 15-օրյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել քաղաքային դպրոցների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ` հաշվի առնելով ուսուցիչների օպտիմալ ծանրաբեռնվածությունը:
Նա հանձնարարեց նաև մեկ ամսվա ընթացքում շահագրգիռ կողմերի հետ քննարկել բուհական անձեռնմխելի ֆոնդերի ձևավորման սկզբունքների և օրենսդրական նախադրյալների ստեղծման հարցը, երկուամսյա ժամկետում լրամշակել և կառավարության աշխատակազմին ներկայացնել «Բուհական կրթության մասին» օրենքի նախագիծը, չորս ամսվա ընթացքում մշակել ուսանողների ֆինանսական աջակցության և կրթաթոշակների տրամադրման նոր սկզբունքները:
Վարչապետը նաև հանձնարարվեց մեկամսյա ժամկետում ուսումնասիրել և կառավարության աշխատակազմին ներկայացնել նախնական, արհեստագործական, միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների օպտիմալացման ծրագիր:
Մանրամասները՝ տեսանյութում:








































