Սիրիան դարձել է քիմիական զենքի արգելման կոնվենցիայի լիարժեք մասնակից: Այս մասին լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում արաբական հանրապետության մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին: Նրա խոսքով՝ այդ մասին հրամանը ստորագրվել է երկրի նախագահ Բաշար Ասադի կողմից:
Ջաֆարիի խոսքով՝ համապատասխան հաղորդագրությունը Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի անունից ուղարկվել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունին և Քիմիական զենքի արգելման կազմակերպությանը: Ավելի վաղ լրագրողներին ցուցադրվել էր այդ փաստաթղթի ոչ պաշտոնական թարգմանությունը, որում հաստատվել է, որ Սիրիան պարտավորվում է հետևել կոնվենցիայի դրույթներին:
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքն այդ առնչությամբ ասել է, որ համաշխարհային կազմակերպությանը ժամանակ է պետք՝ նամակն ուսումնասիրելու համար: «Անհրաժեշտ է որոշել՝ կարելի՞ է այն համարել (կոնվենցիային) միանալու գործիք: Դրա համար առկա են որոշակի իրավական ընթացակարգեր»,- ասել է նա:
Այնուհանդերձ, Ջաֆարիի խոսքով՝ իրավական տեսանկյունից Սիրիան այսօրվանից դառնում է քիմիական զենքի արգելման կոնվենցիայի լիարժեք անդամ: Ջաֆարին ընդգծել է, որ քիմիական զենքի պաշարները Սիրիայի իշխանությունների կողմից դիտարկվել են որպես Իսրայելի միջուկային զինանոցի զսպման միջոց:









































