Երևանի ավագանու ընտրություններին ընդառաջ՝ լրատվամիջոցները դարձյալ բարձրաձայնում են նախընտրական ցուցակների ուռճացվածության և արտասովոր դրսևորումների մասին: Մասնավորապես, որ բազմաթիվ հասցեներում 100-ից ավելի անձինք են հաշվառված: Ավելի կոնկրետ՝ Երևանի 18 հազար ընտրող հաշվառված է 621 հասցեում: Կան հասցեներ, որտեղ հաշվառված են անգամ 200-ից 250 հոգի (օրինակ՝ Երևան քաղաքի Հաղթանակ 2 փողոցի 45 հասցեում հաշվառված է 229 ընտրող, Զաքարիա Քանաքեռցու փողոցի 32 հասցեում՝ 103 և այլն):
«Առաջին լրատվական»-ը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Մնացական Բիչախչյանից խնդրեց պարզաբանել, թե ինչպես է պատահել, որ նույն հասցեում 200-ից ավելի ընտրող է հաշվառված: Բիչախչյանի խոսքերով՝ այդ հասցեներում կամ հանրակացարաններ են գտնվում, կամ չհասցեավորված բնակելի տներ, որոնք բոլորը գտնվում են նույն հասցեի տակ: «Օրինակ՝ Հաղթանակ 2 փողոց 45 հասցեն ծերանոց է, Զաքարիա Քանաքեռցու փողոցի 32 հասցեն (Քանաքեռի գերեզմանատան հարևանությամբ բնակելի տարածություններ) ընդգրկում է տարբեր ընտանիքներին պատկանող բազմաթիվ չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով տարիներ շարունակ հաշվառված են նշված հասցեներում»,- ասաց Բիչախչյանը՝ հավելելով, որ այդպիսի բազմաթիվ հասցեներ կան՝ Մոլդովական փ. 32/4, Զվարթնոց, Ա. Ահարոնյան փ. 62 հասցեները հանրակացարանային բնակելի տարածություններ են` չհասցեավորված սենյակներով: Իսակովի փ. 27 և 83, Ավան 4-րդ փ., 2-րդ նրբանցք 17 տ., Սիլիկյան թաղամասի քոթեջատիպ տնակ, Հովհաննիսյան փողոց 89, Պոպովի փողոց 21 տ. (ընդհանուր բակով սեփական տներ), Սիլիկյան թաղամասի 7 փ. Ռումինական տնակ, Հաղթանակ (գյուղ), Փիրումյան միկրոշրջան (նորակառույց թաղամաս, ոչ բոլոր տներն են հասցեավորված), Գր. Զոհրապի փ. 117, Մեծարենցի փ. 39 Ա, Գր. Զոհրապի փ. 88, Ջանիբեկյան փ. 35, Ջանիբեկյան փ. 36, Ա. Վշտունու 3 նրբ. 11, Վ. Ռուստամյան փ. 17, Աղասու փ. 45, Էմինեսկու 1 փ. 24, Քանաքեռ 1 փ. 1, Զաքարիա Քանաքեռցու փ. 1, Քանաքեռ Կյն. 27, Էմինեսկու 1 փ., Քանաքեռ 5 փ. 18, Վերին Շենգավիթ 6 փ. 2, Նորագավիթ 1 փ. 126, Բագրատունյաց 2 նրբ 2, Սարի թաղ 19 փ. 10, Դիմիտրովի փ 3, Գլինկայի 1 նրբ 1, Երկաթուղայինների 7 փ. 8, Նոր Արեշ 14 փ. 61, Քանաքեռ շրջ. Թունել, (դրանցից յուրաքանչյուրը) ընդգրկում են տարբեր ընտանիքներին պատկանող բազմաթիվ չհասցեավորված բնակելի տներ, որոնց բնակիչները բնակելի տարածությունների հասցեների բացակայության պատճառով տարիներ շարունակ հաշվառված են նշված հասցեներում:
Բիչախչյանի խոսքերով՝ նման դեպքեր եղան նաև խորհրդարանական ընտրությունների ժամանակ, բայց բոլոր դեպքերն էլ, իր խոսքերով՝ այս կերպ են բացատրվում, այլ ինտրիգներ պետք չէ փնտրել:









































