Թատերագետ, Հայաստանի թատերական գործիչների քարտուղար Լևոն Մութաֆյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց, որ չնայած ինքը մշակույթի նախարարության ջատագովը չէ, նրա հակառակորդն է, սակայն ճիշտ է համարում նախարարության՝ փառատոներին աջակցելու քաղաքականությունը։
«Դժբախտաբար, միայն այս փառատոների շնորհիվ է, որ մենք ծանոթանում ենք Երևանի և մարզերի երիտասարդ թատերական գործիչների համարձակ, փորձարարական մտածողությանը»։
Չնայած ժամկետների առումով չարդարացված մրցավազքի մեջ են մտնում, գաղափարախոսության խնդիրներ էլ կան, ամեն դեպքում, Մութաֆյանը կարծում է, որ պետք է ուրախանալ այս փառատոների գոյությամբ, հաճախականությամբ, քանի որ.
«Մի երկրում, ուր նախագահից սկսած թատրոն չեն սիրում և չեն հասկանում, մի երկրում, ուր «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի խայտառակ գավառային որակը համարում են ազգային հպարտություն և ազգային ձեռքբերում, մի երկրում, ուր թատերարվեստի նշանավոր, մեծագույն գործիչները գտնվում են մոռացության մեջ, իսկ ղարաբաղյան ծագմամբ մեկը, որ ընդամենը փչացնում է շոու դաշտը, արժանանում է ժողովրդական արտիստի կոչման,- Արթուր Գրիգորյանի մասին է խոսքը, չեմ կարող թաքցնել. ի՞նչ ժողովրդական արտիստի մասին է խոսքը, նրան վաստակավորն էլ բավական էր, ուր մնաց ժողովրդականը։ Երբ մենք հենց այս թատերական փառատոների ընթացքում տեսանք մարդիկ՝ փառահեղ կենսագրությամբ, որոնք ոչ ժողովրդական, ոչ վաստակավոր կոչումներ չունեն և ընդամենը 40-50 հազար դրամով են աշխատում»։







































