Ֆրանսիայի նախագահական ընտրություններում հաղթած Էմանուել Մակրոնի «Հառաջ» շարժման երիտասարդ ակտիվիստը սոցցանցերում դարձել է ամենաքննարկվող անձերից մեկը:
Կիրակի, երբ հայտնի դարձան ընտրություններին նախնական արդյունքները, Մակրոնը Լուվրի հրապարակում ելույթ է ունեցել իր կողմնակիցների առաջ և երգել Ֆրանսիայի հիմնը: Ելույթին հետևող հանդիսատեսի ուշադրությունը գրավել է գլխարկով երիտասարդը, որը կանգնած է եղել անմիջապես Մակրոնի հետևում և ակտիվորեն երգել է նրա հետ:
Սոցցանցերում բուռն քննարկումներ են սկսվել անծանոթ երիտասարդի անձի վերաբերյալ, որը ստացել է «գլխարկով տղամարդ» մականունը: Ինչպես պարզել են ֆրանսիական ԶԼՄ-ները, խոսքը 31-ամյա Նանտի բնակիչ Մորգան Սիմոնի մասին է, որը պիցցայատան սեփականատեր է: Նա ասել է, որ բեմում հայտնվել է որպես շարժման ակտիվիստ և տեղ է զբաղեցրել Մակրոնի անմիջական հարևանությամբ, քանի որ տեսել է, որ այդ տեղն ազատ է: Նա նաև նշել է, որ միշտ գլխարկ է կրում, ուստի մտքով չի անցել հանել այն նույնիսկ նման հանգամանքում:










































