ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հինգշաբթի ստորագրել է գործադիր հրաման կրոնական ազատությունների մասին՝ հայտնում է RIA Novosti-ն։
Փաստաթուղթը մասնավորապես նախատեսում է թույլատվություն կրոնական կազմակերպություններին աջակցելու քաղաքական թեկնածուներին և զբաղվելու գործունեության այլ տեսակներով, որոնք այս կամ այն կերպ կապված են քաղաղաքականության հետ։ Դրա հետ կապված փաստաթղթի հակառակորդներն այն անվանում են «հակասական»։
Թրամփը, ելույթ ունենալով Սպիտակ տանը, ընդգծել է, որ այդ հրամանը կպաշտպանի ԱՄՆ-ում կրոնի և խոսքի ազատությունը։ Նրա խոսքով՝ ինքը թույլ չի տա հարկային գերատեսչությանը հետապնդել կրոնական կազմակերպություններին քաղաքական ելույթների համար։
«Իմ վարչակազմի օրոք խոսքի ազատությունն այլևս կանգ չի առնի տաճարների, սինագոգների և այլ կրոնական շինությունների աստիճանների վրա։ Կառավարությունն այլևս երբեք չի հետապնդի կրոնական կառույցներին իրենց հայացքներն արտահայտելու համար»,-ասել է Թրամփը։
Նա նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ը երբեք չի զբաղվի կրոնական խտրականությամբ։ «Մենք երբեք թույլ չենք տա, որպեսզի հավատացյալները ենթարկվեն բռնության կամ հետապնդման։ Մենք պաշտպանում ենք կրոնական ազատությունը բոլորի համար»,-ասել է նախագահը։
Թրամփի ստորագրած հրամանը չեղարկում է այսպես կոչված «Ջոնսոնի ուղղման» գործողությունը։ Դրա հեղինակը 1954 թվականին եղել է սենատոր Լինդոն Ջոնսոնը, ով ավելի ուշ դարձել է ԱՄՆ նախագահ։ Դրանում ասվում է, որ եկեղեցիներն ու այլ կրոնական կառույցները կզրկվեն հարկային արտոնություններից այս կամ այն քաղաքական գործչին կողմ կամ դեմ արտահայտվելու դեպքում։











































