Սևծովյան նավատորմի «Նիկոլայ Ֆիլչենկով» մեծ դեսանտային նավն այսօր դուրս է եկել Նովոռոսիյսկից և ուղևորվել Սիրիայի Տարտուս նավահանգիստ. տեղակայման վայրը Ռուսաստանի ռազմածովային նավատորմի նյութատեխնիկական ապահովման կետն է: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Նովոռոսիյսկի ռազմածովային բազայի իր աղբյուրին:
«Նիկոլայ Ֆիլչենկով»-ը, որում գտնվում է հակաահաբեկչական խումբ, Տարտուս կհասցնի ռազմական և նյութական միջոցներ:
Աղբյուրի խոսքերով՝ նավը Սիրիա կուղեկցի «Սմետլիվի» պարեկային նավը, որը, ըստ ծրագրի, Սևաստոպոլից պետք է դուրս գա սեպտեմբերի 12-ին:
«Նիկոլայ Ֆիլչենկով»-ի բեռնաթափումից հետո երկու նավերն էլ կշարժվեն հյուսիսային ուղղությամբ և կանդամակցեն ռազմածովայն նավատորմի մշտական օպերատիվ միավորմանը, որը գործում է Միջերկրական ծովի արևելյան շրջանում՝ հստակեցրել է աղբյուրը:









































