Գերակա ոլորտները մի քանիսն են՝ ագրոբիզնեսն է, IT ձեռնարկություններն են, արտահանմանն ուղղված գործունեությունն է, ինչ վերաբերում է սուբսիդավորման չափերին, այդ առումով մենք դեռ տնային աշխատանք ունենք. այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը` անդրադառնալով վարչապետի այսօրվա հանձնարարականին:
Վարդան Արամյանը, անդրադառնալով ներդրումների ցուցանիշներին ու վերջերս Վաշինգտոն կատարած այցի արդյունքներին, նշեց. «Ներդրումներն իրենք իրենց չեն գալու: Ներդրումների մասին տեղեկատվությունը հրապարակվելու է մայիսի վերջին: ԱՎԾ-ն դեռևս ներդրումների մասին հրապարակում չունի: Ամեն դեպքում 6,6 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշը փաստում է, որ ունենք տնտեսական աշխուժություն: Այդպիսի տենդենցը բնականաբար պահանջ ունի, որպեսզի ներդրումներ կատարեն: Դա նշանակում է`ամեն դեպքում մենք վերջին ամիսներին պետք է որ ունեցած լինենք ներդրումների ոլորտում աշխուժացում»:
Ինչ վերաբերում է Վաշինգտոն կատարած այցին, նախարարի խոսքով` այստեղ հայկական կողմը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի գարնանային նստաշրջանին.
«Հիմնադրամն ու Համաշխարհային բանկը մեր կարևորագույն գործընկերներն են և ՀԲ-ի հետ մենք ունենք ֆինանսավորման ծրագրեր տարբեր ոլորտներում», – ասաց Ֆինանսների նախարարն` ընդգծելով, հենց նման այցելությունների ու հանդիպումների ընթացքում պետք է ներկայացնել երկրի տնտեսական քաղաքականությունը, որպեսզի ներդրողները հետաքրքրվեն.
«Ներդրումներն ինքնին չեն գալու: Այնպես չի լինելու, որ մենք մեր աշխատասենյակներում նստած, որևէ գործողություն անելով որևէ արտաքին ներդրողն իմանալու է այդ մասին: Նշանակում է` դու պետք է կոմունիկացվես», – ասաց նախարարը:
Մանրամասները՝ տեսանյութում:












































