Խորհրդարանի ընտրությունից առաջ, այսպես ասած, հուսո առագաստ դիտարկվող «Ծառուկյան» դաշինքը, որը գրեթե բոլորի համար պատկերանում էր որպես խորհրդարանում հայտնվելու երաշխավորված ցատկահարթակ, ընտրությունից հետո կարծես թե վերածվում է հիասթափության արահետի:
Դաշինքի համամասնական կամ ռեյտինգային ցուցակներով առաջադրված մի շարք անուններ ինքնաբացարկ են հայտնել, թեև նրանցից շատերը արդեն ընդունել էին շնորհավորանքներ, և գործնականում կասկած գրեթե չկար, որ լինելու են խորհրդարանում: Նրանցից մի քանիսն այժմ նույնիսկ վիճարկում են ինքնաբացարկը՝ փաստացի բացահայտելով «Ծառուկյան» դաշինքում առկա ամոթալի պատկեր՝ անձանց փոխարեն ինչ-որ մեկը որոշել է, որ նրանք չպետք է ստանան մանդատ: Ո՞վ է որոշել՝ Գագիկ Ծառուկյա՞նը, թե՞ Սերժ Սարգսյանը կամ երկուսը միասին, իհարկե՝ Սերժ Սարգսյանի պայմաններով, քանի որ հակառակը կնշանակի իշխանափոխություն:
Բայց շատ հետաքրքիր է, որ կան մարդիկ, որոնք փաստորեն առնվազն հայտարարել են Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի որոշմանը դեմ գնալու մասին: Օրինակ՝ Խաչիկ Մանուկյանը, որը գործարար է, նախկին ՀՀԿ պատգամավոր, կամ Նապոլեոն Ազիզյանը, որի մեջ թերևս արթնացել են անվանակից Մեծ կայսեր հատկանիշները, ու նա ըմբոստանում է Սարգսյան-Ծառուկյան տանդեմի դեմ: Կան ինքնաբացարկի դիմումից հրաժարվող այլ անուններ: Նրանք նոր հեղափոխականներ ու ապստամբնե՞ր են, թե՞, այդուհանդերձ, մենք այդ ամենի տեսքով պարզապես դառնում ենք բավական հմուտ խաղի ականատես:
Դեռևս պարզ չէ, թե ինչպես կհանգուցալուծվի այդ «ըմբոստությունը» կամ «ապստամբությունը», բայց «ծառուկյանական ծռերի» այդ սինդրոմի բացահայտումը իսկապես հետաքրքիր է դառնում հետընտրական ներիշխանական-ներքաղաքական իրողությունների ֆոնին: Ապստամբության տեխնոլոգիան Հայաստանում անցել է ողբերգական փորձարկում՝ նախորդ տարի հուլիսին: Խոսքն, իհարկե, իշխանության կազմակերպած փորձարկման մասին չէ, բայց հուլիսին ստեղծված իրավիճակը իր դրամատիկ, ողբերգական զարգացումներով հանդերձ՝ իշխանության համար դարձավ նոր փորձ: Ընդ որում, այդ փորձառությունը Սերժ Սարգսյանի համար լուծեց նաև ներիշխանական մի շարք խնդիրներ, և կարողանալով համեմատաբար անարյուն և անցնցում հանգուցալուծել հուլիսյան իրադարձությունները՝ Սերժ Սարգսյանը էապես մեծացրեց ազդեցությունն իշխանության ներսում և փաստացի սկսեց լրջագույն վերադասավորումներ՝ հեռացնելով իր քաղաքական ծրագրերի ճանապարհի մի մեծ ներիշխանական արգելք՝ Հովիկ Աբրահամյան հավաքական կերպարով:
Այդ ֆոնին բավականին հետաքրքրական է նշմարվում «ծառուկյանական ծռերի» տեխնոլոգիան, երբ «Ծառուկյան» դաշինքի որոշ թեկնածուներ փաստորեն ըմբոստանում են դաշինքի առաջնորդի դեմ, որը անկասկած պատգամավորական կազմի հարցը համաձայնեցրել է Սերժ Սարգսյանի հետ՝ այլ կերպ լինել չէր կարող:
Այդ «ապստամբությունը» անկասկած խոցելի վիճակում է դնելու Գագիկ Ծառուկյանին: Եվ եթե, օրինակ, ապրիլի 2-ից առաջ Սերժ Սարգսյանն էր զգում նրա կարիքը՝ ի վերջո առնվազն մոտ կես միլիոն դժգոհ ընտրախավի կառավարման համար, հարկ եղած դեպքում նաև ՀՀԿ-ի թվաբանական մանևրի աջակցության համար, ապա այժմ ներդաշինքային «ապստամբությունը» ճնշելու կամ հետագա առավել քան աղմկոտ ու շղթայական զարգացումը կանխելու համար Ծառուկյանն ունի Սարգսյանի կարիքը: Այսինքն՝ փաստացի փոխվում է Սարգսյան-Ծառուկյան համաձայնության բալանսը:










































