Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ եվրոպական արժեհամակարգն այն ունիվերսալ արժեհամակարգն է, որի միջոցով հնարավոր է քաղաքակիրթ պետություն, ժողովրդավարական համակարգ կերտել: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Երվանդ Բոզոյանը` անդրադառնալով Հայաստանի` Մաքսային միությանն անդամակցությանը:
«Հայ հասարակությունն այլընտրանք չունի: Որևէ այլ ուղղությամբ երկիրը չի կարող զարգանալ: Սա նաև աշխարհաքաղաքական խնդիր է: Սակայն պետք է նշել, որ եվրաինտեգրումն էլ Հայաստանի համար հղի է բազմաթիվ դժվարություններով ու լուրջ վտանգներով: Այն թեզը, թե Հայաստանը կարող է տնտեսապես ինտեգրվել և՛ Մաքսային միությանը, և՛ Ազատ առևտրի գոտուն, համարում եմ քաղաքական անմեղսունակություն: Հնարավոր չէ և հաճույք ստանալ, և միաժամանակ կույս մնալ:
Ըստ իս՝ Հայաստանն օբյեկտիվորեն մի վիճակում է, որ պատրաստ չէր միանալու ոչ առաջինին, ոչ երկրորդին: Մաքսային միությանն անդամակցելը տարօրինակ և խնդրահարույց է նրանով, որ Հայաստանն այդ միության անդամ երկրների հետ սահմաններ չունի: Բացի այդ, Հայաստանն ունի Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդիր, որը անհայտ է, թե ինչ կարգավիճակ պետք է ունենա Մաքսային միության հետ համագործակցության համատեքստում»,- ասաց քաղաքագետը:
Երվանդ Բոզոյանը Հայաստանը նմանեցրեց աղջկա, ով ընկերություն է անում միանգամից երկու տղայի հետ: «Սակայն աղջիկը երկուսի հետ էլ ամուսնանալ չի կարող: Հայաստանն էլ «խաղեր էր տալիս» Եվրոպայի հետ, սակայն պատրաստ չէր «ամուսնանալ» ոչ Եվրոպայի, ոչ Մաքսային միության հետ: Մենք ծիծաղելի վիճակում ենք, քանի որ չենք կարող թունել փորել Մաքսային միության անդամ երկրների հետ: Կարծում եմ` սա զուտ քաղաքական որոշում էր, որը պարտադրվեց Հայաստանին, ինչը բացառապես ՀՀ ղեկավարության մեղքն էր»,- ասաց նա:
Ասուլիսի մյուս բանախոս՝ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոպյանի խոսքով՝ տնտեսական երկու կառույցներն էլ «բանի պետք չեն»: «Ռուսն ասում է՝ երկու չարիքի մեջ ընտրիր փոքրագույնը, անգլիացին ասում է` երկու չարիքների մեջ ոչինչ էլ չկա ընտրելու: Բանն այն է, որ երկու կառույցների հետ փոխգործակցության վերաբերյալ էլ փաստաթղթեր չկան: Ընդ որում, ամենագլխավորը ինքնիշխանության կորստի աստիճանի հարցն է: Առջևում սեպտեմբերի 21-ն է: Պատկերացնենք` մինչ այդ պարզվի, որ միայն թղթի վրա ենք ինքնիշխան մնացել. պետք է այդ օրը սո՞ւգ հայտարարենք»,- ասաց նա:
Փորձագետի համոզմամբ՝ Հայաստանը կարող է շատ լուրջ դերակատարություն ունենալ, քանի որ մեզնով շատ են հետաքրքրվում:
«Մենք մեզ չենք կարևորում, դրա համար էլ մտածում ենք` ո՞ր կառույցին անդամակցենք: Այսօր Հայաստանի աշխարհաքաղաքական դերը օր օրի մեծանում է, ինչը նշանակում է, որ մենք կարող ենք դառնալ տարածաշրջանային սուբյեկտ: Սակայն հլու-հնազանդ մեր կարգավիճակը գցում ենք` մնալով օբյեկտ: Ցանկացած միավորման մեջ մտնելը միանշանակ սխալ է»,- ասաց նա:
Ամփոփելով` երկու բանախոսներն էլ նկատեցին, որ հայաստանյան իշխանությունները իրենց գործողություններով միայն և միայն վերարտադրման խնդիր են լուծում:









































