Թուրքիայի ոստիկանությունը երեկ երեկոյան Ստամբուլում արցունաբեր գազի և ջրցան մեքենաների օգնությամբ ցրել է ցուցարարներին: Բողոքի ակցիաների առիթ էր դարձել հակակառվարական ելույթների 22-ամյա մասնակից Ահմեդ Աթաքանի մահը՝ հայտնում է Hurriyet-ը:
Ցուցարարները փորձել են հավաքվել Թաքսիմ հրապարակում, սակայն ոստիկանությունը կանխել է նրանց մուտքն այնտեղ: Առնվազն 40 մարդ է ձերբակալվել:
Թաքսիմ հրապարակից եկող գազի պատճառով որոշ ժամանակով ընդհատվել է Թուրքիայի և Շվեդիայի երիտասարդական թիմերի միջև ՈւԵՖԱ-ի խաղը: Այն անցկացվել է ոչ հեռու գտնվող Էրդողանի անվան մարզադաշտում՝ փոխանցում է Reuters գործակալությունը:
Ցույցեր են անցկացվել նաև Անկարայում, Իզմիրում, ինչպես նաև Անթաքիայում, որտեղ բնակվել է զոհված ցուցարարը: Բոլոր դեպքերում ոստիկանությունն արցունքաբեր գազ է կիրառել:
Ցուցարարը զոհվել էր սեպտեմբեր 10-ի վաղ առավոտյան՝ գանգուղեղային ծանր վնասվածքի պատճառով: Ականատեսները վկայել են, որ նրա գլխին է ընկել ոստիկանության կողմից արձակված արցունքաբեր գազով լիցքը: Իշխանությունների վարկածով՝ ցուցարարն ընկել է շենքի տանիքից, որտեղից քարեր է նետել իրավապահների վրա:








































