«Ալ-Քաիդա» ահաբեկչական խմբավորումը կարող է ամրապնդել իր դիրքերը Սիրիայում քաոսի դեպքում: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման՝ ուղերձով դիմելով ամերիկացիներին:
«Ճիշտ է, որ Ալ-Ասադի ընդդիմադիրներից ոմանք ծայրահեղականներ են, սակայն «Ալ-Քաիդա»-ն միայն կուժեղանա ավելի քաոսային Սիրիայում, եթե մարդիկ տեսնեն, որ աշխարհը ոչինչ չի անում խաղաղ քաղաքացիների սպանությունը կանխելու համար»,- ասել է Օբաման:
Նրա կարծիքով՝ սիրիացի ընդդիմադիրներից շատերը իրենցից ներկայացնում են չափավոր քաղաքական ուժ:
«Ռազմական ակցիայից հետո մենք կկրկնապատկենք մեր ջանքերը՝ հասնելու քաղաքական լուծման»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:
Նա նաև նշել է, որ Կոնգրեսի անդամները և հասարակ ամերիկացիները պետք է դիտեն Դամասկոսի մոտ քիմիական հարձակման տեսանյութերը:
«Ես կխնդրեի Կոնգրեսի յուրաքանչյուր անդամի և նրանց, ովքեր հեռուստացույցի առջև են, դիտել հարձակման տեսանյութը և այնուհետև հարցնել՝ ի՞նչ աշխարհում մենք կապրենք, եթե ԱՄՆ-ը տեսնում է բռնապետի, որը թունավոր գազով լկտիաբար խախտում է միջազգային օրենքները, սակայն նախընտրում է նայել այլ կողմ»,- ասել է Օբաման:
Օբամայի խոսքերով՝ երբեմն բանաձևերը և դատապարտող հայտարարությունները բավարար չեն:









































