Երեկ Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում Միլանի «Ինտեր»-ն ու սիցիլիական «Պալերմո»-ն վիճարկեցին Իտալիայի գավաթը։ Հանդիպումն ավարտվեց 3։1 հաշվով՝ հօգուտ «Ինտեր»-ի։
Հանդիպման ժամանակ դուբլի հեղինակ դարձավ կամերունցի հարձակվող Սամուել Էտոոն (26-րդ և 76-րդ րոպեներին)։ 88-րդ րոպեին հաշիվը կրճատեց արգենտինացի Էսեկիել Մունիոսը, որն իսկույն ևեթ ստացավ երկրորդ զգուշացումն ու հեռացվեց խաղադաշտից։ Լրացուցիչ ժամանակում (92-րդ րոպեին) «Ինտեր»-ի երկու գոլի առավելությունը վերականգնեց արգենտինացի գոլահար Դիեգո Միլիտոն։
«Ինտեր»-ն իր պատմության ընթացքում 7-րդ անգամ հաղթեց Իտալիայի գավաթի մրցաշարում (ի դեպ՝ երկրորդ տարին անընդմեջ)։ Այդ ցուցանիշով «Ինտեր»-ը զիջում է միայն Թուրինի «Յուվենտուս»-ին և մայրաքաղաքային «Ռոմա»-ին։
2009/2010 մրցաշրջանում «Ինտեր»-ին հաջողվել էր հաղթել այն բոլոր մրցաշարերում (Իտալիայի առաջնություն և գավաթ, Չեմպիոնների լիգա), որոնցում նա հանդես էր եկել։ Սակայն գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոյի՝ Մադրիդի «Ռեալ» հեռանալուց հետո միլանյան ակումբին չհաջողվեց կրկնել նախորդ տարվա հաջողությունը. Իտալիայի առաջնությունում հաղթեց «Միլան»-ը («Ինտեր»-ը երկրորդն է), իսկ Չեմպիոնների լիգայում՝ «Բարսելոնա»-ն։










































