Սիրիայի դեմ հրթիռային հարվածը բխում է ԱՄՆ ազգային շահերից, սակայն Վաշինգտոնը չի լինի «համաշխարհային ոստիկան» և չի միջամտի ուրիշի հակամարտությանը: Սիրիայում ռազմական միջոցառումներից հնարավոր կլինի խուսափել Ռուսաստանի նախաձեռնության օգնությամբ, համաձայն որի՝ սիրիական քիմիական զենքը պետք է հանձնվի միջազգային վերահսկողությանը, որը մանրամասն կուսումնասիրվի: Այս մասին հայտնել է Բարաք Օբաման ազգին հղված ուղերձում՝ նշելով, որ դեռևս վաղ է խոսել՝ կհաջողվի՞ իրագործել ռուսական ծրագիրը:
«Ես դեմ էի ռազմական գործողություններին, քանի որ մենք չենք կարող ուրիշի քաղաքացիական պատերազմը լուծել ուժի կիրառման միջոցով»,- ասել է Օբաման՝ դիմելով ամերիկացիներին Սպիտակ տնից՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Օբամայի խոսքով՝ ԱՄՆ-ը պետք է գործողություններ ձեռնարկի Սիրիայում, սակայն չդառնա «միջազգային ոստիկան»:
«Երբ ոչ մեծ ջանքերով ու ռիսկով կարող ենք թույլ չտալ, որպեսզի գազով թունավորեն երեխաներին, ու ապահովել մեր երեխաների անվտանգությունը, կարծում եմ՝ մենք պետք է գործենք»,- ասել է Օբաման:
Օբաման հեռուստաուղերձում նաև ամերիկացիներին խոստացել է, որ Սիրիայում տևական ռազմական օպերացիա չի անցկացնի:
«Ես զորք չեմ ուղարկի Սիրիայի տարածք, ես անորոշ ժամկետով ռազմական գործողություններ չեմ անցկացնի՝ ինչպես Իրաքում կամ Աֆղանստանում, և չեմ անցկացնի երկար արշավ օդից՝ ինչպես Լիբիայում կամ Կոսովոյոմ»,- ասել է Օբաման:
«Հարցի մանրամասն ուսումնասիրությունից հետո ես որոշում եմ ընդունել սահմանափակ ռազմական օպերացիայի անհրաժեշտության վերաբերյալ, որը բխում է մեր ազգային շահերից: Մենք պետք է կանխենք քիմիական զենքի հետագա կիրառումը և տարածումը»,- ասել է ամերիկացի առաջնորդը և նշել, որ ոչ ոք չի կարող վիճարկել Սիրիայում քիմիական զենքի կիրառման փաստը: Օբամայի խոսքով՝ ԱՄՆ-ը գիտի, որ դրա հետևում կանգնած է կառավարոթյունը:
ԱՄՆ նախագահը ամերիկացիներին խոստացել է շարունակել քննարկել ռուսական առաջարկն այդ թեմայով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նա հանձնարարել է պետքարտուղար Ջոն Քերիին հինգշաբթի հանդիպել ռուս գործընկերոջ հետ:
Reuters-ը՝ հղում անելով ԱՄՆ պաշտոնատար անձանց, հայտնում է, որ Քերիի և Սերգեյ Լավրովի հանդիպումը տեղի կունենա Ժնևում:
Օբաման վստահեցրել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է սպասել քիմիական զենքի վերաբերյալ ՄԱԿ-ի եզրակացություններին և աշխատել ՄԱԿ ԱԽ-ի բանաձևի վրա:







































