Խնդիրը նույնիսկ այն հարթության մեջ չէ, թե Նալբանդյան-Մամեդյարով-Լավրով հանդիպումը բովանդակային առումով ինչ է տալու ԼՂ կարգավորման գործընթացին: Այդ հարցադրումը նույնիսկ արհեստական է, որովհետև բանակցային գործընթաց, որպես այդպիսին, գոյություն չունի: Այն դե ֆակտո դադարել է գոյություն ունենանալ Քառօրյա պատերազմով, որին հաջորդած Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթաժողովներն ընդամենն արձանագրեցին, ամրագրեցին հակամարտության կողմերի տրամագծորեն տարբեր օրակարգերը, առաջնահերթությունները:
Հայկական բանակի գործոնը, նրա սպայի ու զինվորի անձնվիրությունը, կարծես թե, հույսեր ծնեցին, որ պաշտոնական Երևանը ղարաբաղյան հարցում վերջապես կունենա դիրքորոշում` իրադարձություններին արձագանքողից վերածվով օրակարգ թելադրողի, լավ գոնե` դրա ձևավորմանը նպաստողի: Քառօրյա պատերազմը բացահայտել ու կանխել էր ղարաբաղյան խնդրի բովանդակային ու ֆորմատային ձևախեղմանն ուղղված ռուս-ադրբեջանա-թուրքական նախաձեռնությունը: Եթե ապրիլյան պատերազմին նայում ենք հենց այս հարթության մեջ, ապա կորսված երկու բարձունքը, ռազմավարական առումով, իհարկե ոչինչ են այն հետևանքի համեմատ, ինչը կարողացավ կանխել մեր զինուժը: Մեկ տարի առաջ ձևավորվեց մի իրականություն, նոր իրավիճակ, երբ մեր դիվանագիտության մեսիջները, տարածաշրջանում անվտանգության և վստահության մեխանիզմների ձևավորման Հայաստանի առաջարկները համահունչ դարձան այն տրամադրություններին, համատեքստին, որոնք կային արևմտյան մայրաքաղաքներում: Նաև ակնհայտ դարձավ Ռուսաստանի դիվանագիտական ջանքերի մարգինալացումը ու ստեղծվեց պատեհ հնարավորություն, որ արմատապես վերանայվի հայ-ռուսական հարաբերությունների փիլիսոփայությունը, կառուցվածքը: Չեմ պնդում, թե Հայաստանի իշխանության վերնախավում այս ճշմարտությունները, իրողությունները չեն «մարսվել», չեն գիտակվցվել:
Նույնիսկ երկչոտ փորձեր արվեցին, նախագահի կամ ԱԳՆ-ի մակարդակով, որպեսզի ԼՂ խնդրում ձևավորվի «հայկական» օրակարգ կամ Մոսկվան հրաժարվի այնպիսի նախաձեռնություններից, որոնք ենթադրում են, թե բացառապես Հայաստանը պետք է վճարի ռուսական տարածաշրջանային ազդեցության համար: Հայ-ադրբեջանական շփման գծում հետաքննության մեխանիզմներ չեն տեղադրվել ու, թերևս, Վիեննայի օրակարգն աստիճանաբար կորցնում է իր հրատապությունը, բայց Նալբանդյանը շտապեց Մոսկվա` Լավրովի միջնորդությամբ ու ակնհայտորեն ադրբեջանական օրակարգով, բանակցելու Մամեդյարովի հետ: Եթե մեր դիվանագիտությունն ունենար ինքիշխանության իմունիտետ, ապա Նալբանդյանը կչեղարկեր իր մոսկովյան այցը` Ադրբեջանին ռուսական ժամանակակից զենքի նոր խմբաքանակի ցուցադրական մատակարարման ֆոնին:
Երկրորդական, ընդամենը ֆոնային նշանակություն ունի այն հանգամանքը, որ ԵԱՀԿ Միմսկի խմբի համանախահները հանդիպման ինչ-որ հատվածից միացել են նախարարների բանակցություններին կամ դրանց քողածածկույթով անցկացվող զրույցներին: Էականն այն է, որ Ադրբեջանը փորձում է սրբագրել ապրիլյան պատերազմի հետևանքները, վերացնել իր դիվանագիտական դիսկոմֆորտը` դաշնակից ունենալով Ռուսաստանին: Հայաստանն ակամայից մասնակցում է այս խաղին` աւնվազն օտարի, հակառակորդի օրակարգը քննարկելու պատրաստակամությամբ:
Այնքան էլ էական չէ` Մինսկի խմբի համանախագահության ֆորմալ ներկայությունը, որովհետև Մոսկվայի այսօրվա հանդիպման դիվանագիտական «տողատակում» եռակողմ ֆորմատի վերականգնման ձգտումն է: Ֆորմատ, որը հանգեցրեց ապրիլյան պատերազմին, պատճառ դարձավ տասնյակ երիտասարդների մահվան: Ու պատահական չէ, որ դրա վերածնման այսօրվա փորձն ողբերգականորեն խորհրդանշվեց առաջնագծում հայ զինվորի սպանությամբ:









































