Իրանը կարծում է, որ արևմտյան երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի կողմից Սիրիա ռազմական միջամտության դեպքում գործողությունները չեն կրի սահմանափակ բնույթ, ինչպես ավելի վաղ հայտարարել են ամերիկյան իշխանությունները: Այս մասին RIA Novosti գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է արաբական և աֆրիկյան երկրների հարցերով Իրանի արտգործնախարարի տեղակալ Հոսեյնամիր Աբդոլլահիյանը:
Իրանցի դիվանագետը նշել է՝ եթե ԱՄՆ-ը որոշի ռազմական գործողություններ սկսել Սիրիայում, դա կհանգեցնի սարսափելի հետևանքների:
Սիրիայի արտգործնախարար Վալիդ Մուալեմի հետ հանդիպումից հետո Աբդոլլահիյանը հայտարարել է, որ Սիրիայում ցանկացած ռազմական գործողություն չի կրի սահմանափակ բնույթ:
«Սակայն հույս ունենք, որ քաղաքական կարգավորման նոր փուլը, որտեղ այժմ մտել ենք, շահագրգիռ կողմերին թույլ կտա հասնել համապատասխան արդյունքի»,- ասել է նա:
«Մենք, ընդունելով ռուսական կողմի առաջարկը (քիմիական զենքը միջազգային վերահսկողությանը փոխանցելու վերաբերյալ- 1in.am), անցել ենք Սիրիայում կարգավորման քաղաքական ձևաչափին, որպեսզի բացառենք պատրվակները նրանց համար, ովքեր ցանկանում են ռազմական գործողություններ անցկացնել Սիրիայի Արաբական Հանրապետությունում: Բնականաբար, Իրանի բոլոր ջանքերն ուղղված են իրավիճակի քաղաքական կարգավորման որոնմանը, և մենք հույս ունենք, որ դա արդյունք կունենա»,- ասել է նա:










































