Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը սեպտեմբերի 10-ի նիստում միաձայն ընդունեց «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը: Քվեարկությանը մասնակցեցին 114 պատգամավորներ: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը նկատեց, որ նախագիծն իր մեջ պոզիտիվ լուծումներ պարունակում է, լրացուցիչ իմունիտետ է տալիս: «Մենք, սակայն, պետք է հասկանանք, որ դատարանին այս մակարդակով չպիտի թույլ տանք որոշել լրատվամիջոցների բարեխղճությունը: Մենք զրուցել ենք մի շարք լրատվամիջոցների հետ, քննարկել»,- ասաց նա:
Զոհրաբյանը նշեց, որ իրենց խմբակցությունը կողմ է քվեարկում առաջին ռեժիմով, սակայն հետագայում պիտի փորձեն հնարավորինս նվազեցնել ռիսկերը, որպեսզի նոր նախագիծը չդիտարկվի իբրև «մահակ»` անցանկալի լրատվամիջոցների աշխատանքը կասեցնելու համար:









































