«Արմավիա»-ի դեմ ՊԵԿ-ի հայցով դատական հերթական նիստն այսօր նշանակված է վարչական դատարանում:Այս մասին հայտնում է «Փաստինֆո»-ն: Հիշեցնենք, որ այդ հայցով ՀՀ ԿԱ ՊԵԿ Խոշոր հարկ վճարողների հարկային տեսչությունը դատարանից պահանջում է «Արմավիա»-ից բռնագանձել 7 035 703 888 դրամ:
Ըստ հայցվոր կողմի, սա այն գումարն է, որ ավիաընկերությունը 2010թ-ից ի վեր, միայն հարկերի գծով պարտք է մնացել ՀՀ պետբյուջեին:
Նշենք, որ ընկերության ընդհանուր պարքտը բյուջեին ավելի քան 24 մլրդ դրամ է: Ի դեպ, ինչպես պարզ դարձավ ամիսներ առաջ «Արմավիա»-ի հրապարակած պարտքերի ցուցակից եւ դրանց շուրջ մեկնաբանություններից, ընկերության բուն պարտքը հենց այդ 7 մլրդն է, որն այսօր ՊԵԿ փորձում է դատական կարգով բռնագանձել ավիաընկերությունից, մինչդեռ մնացած 17 մլրդ-ը 2-3 տարի շարունակ չվճարված հարկերի եւ տուրքերի նկատմամբ կիրառված տույժերի հետևանքով է գոյացել:
Հիշեցնենք, «Արմավիա»-ն պատկան մարմիններին ներկայացրած առողջացման ծրագրով առաջարկում էր ներել իր կուտակած պարտքերը, սակայն, այդ ընկերության առաջարկն այդպես էլ անարձագանք մնաց:
Ի դեպ, միաժամանակ, դեռևս ապրիլ ամսից, «Արմավիա»-ն պարբերաբար հայտարարում էր նաև սնանկացման գործընթաց սկսելու մասին, նշելով, որ այդ հայցով դատարան դիմելու համար անհրաժեշտ փաստաթղթերը հավաքման փուլում են: Սակայն, ընկերությունն ի վերջո դատարան այդպես էլ չդիմեց և փոխարենը հայտնվեց պատասխանողի կարգավիճակում:
Նշենք, որ «Արմավիա»-ի դեմ վարչական վարույթ է սկսել մեկ այլ պետական մարմին ևս՝ Աշխատանքի պետական տեսչությունը:
Մանրամասները՝ «Փաստինֆո»-ում






































