Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի կարծիքով՝ Ռուսաստանը հեռու ապագայում կդառնա ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ: Այս մասին նա հայտնել է «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում:
«Իմ կարծիքով՝ ոչ թե մոտ, այլ հեռու ապագայում Ռուսաստանը կդառնա և´ Եվրամիության, և´ ՆԱՏՕ-ի անդամ ու կլինի Ամերիկայի մոտ ընկերը… Ամեն ինչ փոխվում է գլոբալ քաղաքականությունում, այսօրվա թշնամիները վաղը ընկերներ են, և՝ հակառակը: Նայե´ք, այսօր Գերմանիան և Ռուսաստանը լավ բարեկամներ են»,- ասել է Իվանիշվիլին:
Ինչ վերաբերում է Եվրասիական միությանը Վրաստանի անդամագրման հարցին, Իվանիշվիլիի խոսքերով՝ այդ մասին կարելի է խոսել միայն համապատասխան ուսումնասիրությունից հետո, այն բանից հետո, երբ պարզ կդառնա, որ դա իսկապես հետաքրքիր է և կարող է միայն օգուտ բերել:
«Ես երբեք մեր երկիրը փորձությունների չեմ ենթարկի: Մենք պետք է վստահ լինենք նրանում, թե ինչ ենք ցանկանում և ինչ ենք անում»,- ասել է նա:
Ըստ վարչապետի՝ իրենք ուսումնասիրում են, թե ինչ է իրենից ներկայացնում Եվրասիական միությունը:











































