ՀՀ պետական օրհներգի կատարմամբ սեպտեմբերի 9-ին հանդիսավոր կերպով մեկնարկեց ԱԺ հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանը՝ գրանցված 107 պատգամավորի մասնակցությամբ: «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ցանկացավ պարզել՝ երբ են խորհրդարան գալու Արտաքին գործերի նախարարության այն ներկայացուցիչները, ովքեր մասնակցել են Մաքսային միության շուրջ տարվող բանակցություններին: Նա նշեց, որ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովը դիմել էր՝ խորհրդարան հրավիրելու ԱԳՆ այն ներկայացուցիչներին, ովքեր վարել են բանակցությունները Մաքսային միության փաթեթի շուրջ: Զոհրաբյանը համոզմունք հայտնեց, որ այդ տեղեկատվությունը պետք է տրամադրվեր նման որոշում կայացնելուց առաջ:
ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ Հայաստանը ոտք է դրել մի ճանապարհի, որի վերջում ինքնիշխանության կորուստն է: Նա առաջարկեց ընթացիկ օրակարգի շրջանակներում հնարավոր տարբերակ գտնել և քննարկել Հայաստանի՝ ՄՄ անդամակցության հարցը: «Առաջարկում եմ առօրյան սկսել միջպետական որևէ պայմանագրի քննարկումով` հրավիրելով Սերժ Սարգսյանին, Էդվարդ Նալբանդյանին, որպեսզի նրանք տան անհրաժեշտ և հրատապ պարզաբանումներ»,- ասաց նա:
ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը նշեց, որ յուրաքանչյուր պայմանագիր, համաձայնություն պետք է բխի մեր պետության շահերից: «Ես գտնում եմ, որ Մաքսային միությանն անդամակցումը բխում է մեր պետության շահերից»,- ասաց նա՝ նկատելով, որ այսօր փորձում են լուծել այն խնդիրները, որոնք ծառացած են մեր ժողովրդի և մեր պետության առջև:
ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ իրենք պահանջելու են արտահերթ քննարկել «Նաիրիտ» ՓԲԸ-ի մասնավորեցման, ստանձնած պարտավորությունների ուսումնասիրման խնդիրը՝ կարևորելով նաև այս գործարանի աշխատակիցների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:
«Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբեն Հակոբյանը նկատեց, որ խորհրդարանը անմասն է պատմական կարևոր ընտրությունից: «Ես հարգում եմ բոլորի կարծիքը, սակայն բավական է ուշադրություն դարձնել միջազգային մամուլին, սոցցանցերին, կհասկանանք, որ մենք իրավունք չունենք լռել կամ վախենալ որևէ դիրքորոշում արտահայտելուց: Փակ թե բաց ռեժիմով՝ պետք է անդրադառնալ այդ խնդրին, այս ճակատագրական պահին խորհրդարանն իրավունք չունի չանդրադառնալ այս հարցին»,- ասաց նա:
ԱԺ նախագահը նկատեց, որ Հայաստանի՝ ՄՄ անդամակցման հարցը քննարկվել է նախագահին սատարող խորհրդարանական ուժերի շրջանակում։Նա չհամաձայնեց, որ հարցի որոշումը միանձնյա է կայացվել։
Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց ԱԺ հինգերորդ գումարման չորրորդ նստաշրջանի օրակարգի և սեպտեմբերի 9-12-ը ԱԺ քառօրյա նիստերի օրակարգի մասին որոշումների նախագծերը: ԱԺ չորրորդ նստաշրջանի օրակարգի մասին որոշման նախագծում ընդգրկվել է 90 հարց և միջազգային 22 պայմանագիր: ԱԺ առաջիկա քառօրյա նիստերի օրակարգի որոշման նախագծում ընդգրկվել է 71 հարց, միջազգային 21 պայմանագիր:








































