«Չբացահայտված քրեական տարրերը, ոստիկանությունը և մի շարք կեղծ ուժեր, ի դեմս ակտիվիստների դեմ իրականացրած բռնությունների, հանդես են գալիս մեկ ամբողջության մեջ»,- այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Նախախորհրդարանի» մամլո խոսնակ Վարուժան Ավետիսյանը` միաժամանակ հավելելով, որ այդ գործողությունները չեն կոտրում ակտիվիստներին:
«Քաղաքացիական ակտիվիզմն այժմ հասել է որակական մի նոր մակարդակի: Ժողովուրդն իր առողջ քաղաքական կամքն արտահայտում է ակցիաների միջոցով»,- ասաց նա:
Անդրադառնալով «Նախախորհրդարանի» անդամ Դմիտրի Հարությունյանի քրեական գործին` Ավետիսյանը նշեց, որ մինչ այժմ չկա որևէ ապացույց, որ նա ոստիկանի հանդեպ բռնություն է կիրառել: «Վերջինիս նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելը արդյունք էր կամայականության դրսևորման: Ինչևէ, այս պահին նա իր ընտանիքի հետ է: Երբ ազատ է արձակվում Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին, ինչո՞ւ չպետք է ազատ արձակվեր Դմիտրի Հարությունյանը: Նրան անազատության մեջ պահելը, վերոնշյալ գործի հետ համեմատած, կարող էր հանրության մեջ անհամեմատելիության ալիք ստեղծել»,- կարծիք հայտնեց «Նախախորհրդարանի» մամլո խոսնակը:
«Առաջին լրատվական»-ի հարցին` հավաստի՞ են խոսակցությունները, որ Դմիտրի Հարությունյանի ազատ արձակման գործին միջամտել է նրա` ՀՀԿ խորհրդի անդամ հանդիսացող մայրը, Վարուժան Ավետիսյանը պատասխանեց. «Ուղիղ տեղեկություններ չունեմ Հարությունյանի մոր գործողությունների վերաբերյալ: Միջամտե՞լ է վերջինս նրա ազատ արձակմանը, թե ոչ՝ չեմ կարող ասել: Մենք ապրում ենք մի իրավիճակում, երբ չեմ կարող բացառել` նման բան եղել է, թե ոչ: Գուցե եղել է, բայց մենք այդ մասին չենք էլ իմանա»:










































