Հայաստանի՝ եվրաինտեգրման խորացման ուղղությամբ շահագրգիռ բոլոր քաղաքական ուժերի և ՀԿ-ների հետ քննարկումներ սկսելու «Հանրապետություն» կուսակցության առաջարկը ճիշտ նախաձեռնություն է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀՇ վարչության անդամ Հովհաննես Իգիթյանը:
«Ես գտնում եմ, որ սա շատ լավ գաղափար է: Գոնե այն ուժերը, որոնք Հայաստանի՝ եվրաինտեգրման գործընթացը լուրջ էին համարում, պետք է այս իրավիճակն օգտագործեն լրացուցիչ փաստարկներ բերելու և ինչու ոչ՝ իշխանությունների վրա ներքին ճնշում գործադրելու համար: Հնարավոր է՝ այդ ճնշումները համաչափ կամ հավասարազոր լինեն Ռուսաստանի և Պուտինի ճնշմանը: Սա գուցե հիմք կհանդիսանա, որ իշխանությունները փոխեն իրենց դիրքորոշումը: Մենք բոլոր դեպքերում շփումներ ունեցել ենք, և հիմա էլ անձամբ իմ անունից հայտարարում եմ, որ լիովին պատրաստ եմ մասնակցել «Հանրապետություն» կուսակցության կազմակերպելիք նմանօրինակ քննարկումներին: Ես տեսնում եմ, որ սա անկեղծ գաղափար է և պատրաստ եմ միանալ նրանց»,- ասաց ՀՀՇ-ական գործիչը:
«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն էլ իր հերթին նշեց, որ «Հանրապետություն» կուսակցության հետ իրենց մշտական շփումները հիմա էլ շարունակվում են: «Նրանց հայտարարությունն անարձագանք չի մնա, մենք, բնականաբար, նրանց հետ խորհրդակցություններ և քննարկումներ կունենանք: Այս առումով որևէ խնդիր չեմ տեսնում, կարծում եմ՝ հատման շատ կետեր ունենք»,- ասաց նա:
Արմեն Մարտիրոսյանը, միաժամանակ, զերծ մնաց քննարկումների հնարավոր արդյունքների մասին կանխատեսումներ անել:
Հիշեցնենք, որ «Հանրապետություն» կուսակցությունը, նպատակ ունենալով համակարգային փոփոխությունների, ժողովրդավարության հաստատման, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության միջոցով Հայաստանի Հանրապետությունը տանել եվրաինտեգրման խորացման ուղղությամբ, շահագրգիռ բոլոր քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, հասարակական և քաղաքական գործիչներին առաջարկել է քննարկումների գործընթաց սկսել:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի










































