Կրոնական խմբերին ազատ քարոզչության հնարավորություն ընձեռելը հակասում է մեր Սահմանադրությանը: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Երևանի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր սպասավոր Տեր Շմավոն քահանա Ղևոնդյանը:
«Սահմանադրությամբ մեր երկրում ազատ քարոզչության հնարավորություն տրվում է միայն մեր եկեղեցուն` իբրև ազգային եկեղեցու` հաշվի առնելով նրա ունեցած վաստակը հայ ժողովրդի տարիների պատմության մեջ: Մնացած կրոնական կազմակերպություններն ազատ քարոզչության իրավունք ունեն իրենց հատկացված տարածքներում»,- ասաց նա:
Տեր Շմավոնի համար անհասկանալի է` ի՞նչ է նշանակում անընդհատ շրջանառվող «մշակութային բազմազանություն»: Նա նկատեց, որ այսօր բառեր են ասում, որոնց իմաստը շատերը չգիտեն:
«Դա նույնն է, թե ասենք` եվրոպական արժեքները պետք է խրախուսել. իսկ ո՞րն է իրական եվրոպական արժեքը` համասեռամոլնե՞րը. եթե դա է, ապա այն հակասում է մեր ազգային ինքնությանը: Ուրեմն ո՞րն է մշակութային բազմազանության բուն նպատակը. գուցե դա շատ ավելի վատ բան է»,- ասաց նա:
Քահանայի համոզմամբ` եթե պետական այրերն այդտեղ վտանգ են տեսնում, ապա նրանք պետք է պատասխան տան սրան: Մի բան Տեր Շմավոնի համար հստակ է. ազատ քարոզչության պարագայում շատերը կմոլորվեն, կընտրեն հային, մեր ազգային ինքնությանը ոչ հարիր ուղի: Նա շեշտեց, որ եկեղեցին հոգևորից բացի՝ ներառում է նաև ազգային արժեքների պահպանում: Հարց է առաջանում` կրոնական տարբեր խմբերը որքանո՞վ կկարողանան մեր ազգային մշակույթը փոխանցել կամ պահպանել:
«Այստեղ նաև պետական անվտանգության հարցն է գալիս, պետության ամբողջականության խնդիրը: Սա քրիստոնեական երկիր է, որն ունի իր արժեքները, մշակութային ինքնությունը և ազգային դիմագիծը. ամեն ինչ չի կարելի փաթաթել մեր վզին, պետք է հասկանալ` որքանով է այն հարիր մեր հոգեբանությանը, նիստուկացին: Այս հարցին լուրջ մոտեցում, քննարկում է պետք` գուցե իրոք լավ բան կա, որ մենք չենք տեսնում»,- ասաց նա:
Տեր Շմավոնը հիշեցրեց` ժամանակին Վարդան Մամիկոնյանը պայքարեց այլ կրոնների դեմ, հիմա մենք ինքներս ենք մեզ ոչնչացնում, ուրեմն էլ ինչո՞ւ ենք պայքարում արտաքին թշնամու դեմ:
Երևանում սեպտեմբերի 2-ին և 3-ին անցկացվող «Եվրոպայի խորհրդի միջմշակութային երկխոսության կրոնական հարթության» 2013թ. հանդիպման ժամանակ նշվեց, որ Հայաստանյայց եկեղեցու առանձնահատուկ կարգավիճակն ընդունելով հանդերձ` մեր երկրում կրոնական խմբերին պիտի տրվի ազատ քարոզչության հնարավորություն, պայքար տարվի խտրականության դեմ, խրախուսվեն մշակութային բազմազանությունը, կրոնական հանդուրժողականությունը:
Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի








































