Երեկ Fars գործակալությունը տարածել է տեղեկատվություն առ այն, որ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը հունիսի 6-ին աշխատանքային այցով գտնվելու է Հայաստանում:
Պետք է նկատել, որ վերջին տարիներին հայ-իրանական շփումները, հատկապես քաղաքական բարձր մակարդակով, այդքան էլ հաճախակի չեն: Ավելին՝ Սերժ Սարգսյանի նախագահությունից հետո կարծես թե Իրանը Հայաստանի արտաքին քաղաքականության օրակարգում որոշակիորեն մղվել է երկրորդ պլան: Առաջին հայացքից դրա պատճառը կարող էր թվալ հայ-թուրքական «ֆուտբոլային դիվանագիտությունը», սակայն իրականում դա գուցե միայն վիզուալ տպավորություն է:
Խորքային առումով հայ-իրանական հարաբերության օրակարգային «դեվալվացիան», թերևս, ունի առավել խորքային պատճառներ: Բանն այն է, որ Իրանը, իհարկե ոչ այնքան, որքան ասենք՝ Ռուսաստանը կամ որքան Արևմուտքը, այդուհանդերձ որոշակի ազդեցություն ունի Հայաստանի ներքաղաքական գործընթացների վրա և դրանց հանդեպ ցուցաբերում է որոշակի հետաքրքրություն: Ահա այդ հետաքրքրության առումով Հայաստանի ներկայիս իշխանությունը իրանական կողմի համար, թերևս, այդքան չի դիտվում որպես Հայաստանում թիվ մեկ գործընկեր և ամենաընկալելի գործընկեր:
Ավելին՝ գուցե Իրանի համար այդ դերում բոլորովին այլ ուժեր են կամ ուժ է: Պատահական չէ, որ ամիսներ առաջ երբ հայ-թուրքական գործընթացը, այսպես ասած, գտնվում էր կիզակետում, Իրանի հետ Հայաստանը հարաբերվում էր ընդամենը նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի միջոցով, կամ Իրանն էր Հայաստանի հետ հարաբերվում նրա միջոցով: Այլ կերպ ասած՝ Հայաստանի ներկայիս իշխանությունն իր ներքաղաքական դիրքերի ամրացման հարցում Իրանի իշխանությունից, թերևս, այդքան էլ մեծ ակնկալիքներ կամ հույսեր չունի: Իսկ այն, որ Հայաստանի իշխանության համար արտաքին քաղաքականության գլխավոր մոտիվացիան եղել է, կա և կմնա ոչ թե պետական շահը, այլ բացառապես երկրում սեփական իշխանական դիրքերի և ֆինանսական կապիտալի ամրությունը սպասարկելը՝ թերևս վաղուց ի վեր ակնհայտ դարձած իրողություն է:
Եվ այդ առումով զարմանալի չէ, որ Հայաստանի իշխանությունն Իրանին հիշում է դեպքից դեպք, երբ դա անհրաժեշտ է լինում արտաքին քաղաքական մյուս ուղղություններում սեփական թիկունքը ամրացնելու համար, որպեսզի այդ ուղղություններում ամրանալով էլ կարողանա երկրի ներսում աներեր պահել իշխանությունը: Ու պատահական չէ, որ Իրանին Հայաստանի իշխանությունը հիշում է այն ժամանակ, երբ ասենք՝ Ղարաբաղի հարցում տեղի են ունենում կամ սպասվում են ոչ այնքան ցանկալի զարգացումներ, որոնցում Հայաստանի համար այլևս վտանգավոր է լինում միայն համանախագահների բարեհաճությունը ապահովելը, և հարկ է լինում ինչ-որ գործոններ հակադրել առկա իրավիճակին:
Այդ դեպքում Իրանը հայտնվում է մեր արտաքին քաղաքականության ուշադրության կենտրոնում, իսկ մնացյալ պարագաներում Իրանը հետաքրքրական է երևի թե այնքանով, որքանով այնտեղից զբոսաշրջիկներ են գալիս Երևան և գումարներ ծախսում այստեղ:









































