Մեր հարևան Վրաստանում տարեսկզբից կարմրուկի բռնկումներ են գրանցվում, որոնք արդեն վերածվել են համաճարակի: Ամռանը համաճարակային վիճակը մի փոքր անկում ապրեց, սակայն այժմ նորից հիվանդությունը գլուխ է բարձրացրել: Չնայած հարևան երկրում համաճարակային դրություն է, Հայաստանում կարմրուկի բռնկումներ չեն նկատվել: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում առողջապահության նախարարության իմունոկանխարգելման ազգային ծրագրի ղեկավար Գայանե Սահակյանն ասաց, որ հաշվի առնելով Վրաստանի վիճակը, Հայաստանում իրականացվել են մի շարք պաշտպանողական միջոցառումներ:
Նախապես զգուշացվել է, որ Վրաստան գնացող մեր հայրենակիցները նախապես մեկ դեղաչափ պատվաստվեն, ինչպես նաև բոլոր պոլիկլինիկաներին տրամադրվել է անվճար պատվաստանյութ՝ բնակչությանն անհրաժեշտության դեպքում պատվաստելու համար. «Սահմանային կետերում ստուգվում է ուղևորների առողջական վիճակը, և եթե խնդիր է նկատվում, անմիջապես հոսպիտալացվում է»:
Նման դեպք վերջերս գրանցվել էր Բավրայի անցակետում, երբ սանիտարակարանտինային կետում մի երեխայի անմիջապես տեղափոխել էին Գյումրու հիվանդանոց: Նրա մոտ հայտնաբերվել էր ոչ թե կարմրուկ, այլ՝ կարմրախտ: Եվս 11 քաղաքացու մոտ Վրաստանից վերադառնալուց հետո զարգացել էր կարմրուկ, սակայն դա տեղային բնույթ է կրել, և վարակումներ չեն եղել. «Հայաստանում կարմրուկի համաճարակ չի սպասվում, չնայած Վրաստանի հետ հարևան ենք: Այստեղ և՛ մարդկանց իմունիտետն է բարձր, և՛ նախազգուշական միջոցառումներ են իրականացվել»:
Նա նշեց նաև, որ կարմրուկը ամենավարակիչ հիվանդություններից է, որով կարելի է վարակվել սերտ շփումից կարճ ժամանակամիջոցում, եթե պաշտպանողական մեխանիզմ չկա: Բարդություններ չառաջանալու համար անհրաժեշտ է նախանշանների դեպքում անպայման դիմել բժշկի:










































