Մայիսի 27-ի երեկոյան ընտանիքի պլանավորման կենտրոնում (նախկին 2-րդ ծննդատուն), վիրահատել են Եվա Ռիվասին: Այս մասին «Առաջին լրատվական»-ը տեղեկացավ երգչուհու պրոդյուսեր Վալերի Սահարյանից:
«Եվան պետք է մասնակցեր «Գոհար» համույթի բացօթյա համերգին, սակայն մինչ այդ սուր ցավեր է զգացել որովայնի շրջանում և չի կարողացել ներկայանալ փորձին: Նրան տարանք հիվանդանոց, որտեղ բժիշկները մանրամասն հետազոտությունից հետո անհապաղ վիրահատելու որոշում կայացրին: Վիրահատությունը կատարել է պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանը»,- ասաց Վալերի Սահարյանը:
«Առաջին լրատվական»-ը կապ հաստատեց նաև ընտանիքի պլանավորման կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանի հետ, ով վստահեցրեց, որ երգչուհին այժմ իրեն շատ լավ է զգում:
«Վիրահատությունը բարեհաջող է անցել, այսօր արդեն Եվան քայլում է և մոտ օրերս դուրս կգրվի հիվանդանոցից»,- ասաց պրոֆեսոր Գագիկ Բեգլարյանը:
Վիրահատության մանրամասները չեն հրապարկվում Եվա Ռիվասի խնդրանքով:









































