Գուրգեն Մարգարյանի հոր՝ Արտուշ Մարգարյանի վիճակը ծանր է: Այս մասին «168 ժամ» պարբերականի հետ զրույցում երեկ ասել է նրան վիրահատած բժիշկը՝ «Մալաթիա» բժշկական կենտրոնի վիրաբույժ Արայիկ Ոսկանյանը:
«Կարող եմ ասել, որ հիմա վիճակը բավականին ծանր է, ավելի ծանր, քան անմիջապես վիրահատությունից հետո: Սոմատիկ հիվանդություն, գլխուղեղի արյան շրջանառության խանգարում, որը հիմա ավելի է ծանրացնում վիճակը»,- ասել է վիրաբույժը: Թերթի հարցին՝ արդյոք սրանք հետվիրահատական բարդություններ են, վիրաբույժը պատասխանել է.
«Անմիջապես որպես հետվիրահատական բարդություն դիտարկելը սխալ կլինի, բայց ինքը՝ տրավման, վնասվածքները, վիրահատությունը տվյալ տարիքում կարող են հանգեցնել այդ կարգի բարդությունների: Դա ոչ թե անմիջապես դանակի վնասվածի հետևանք է, այլ իր ընդհանուր վիճակի»:
Հիշեցնենք, որ Արտուշ Մարգարյանը «Մալաթիա» բժշկական կենտրոն տեղափոխվել էր նախօրեի առավոտյան: Նա ինքնասպանության փորձ էր կատարել: Նրան վիրահատած բժիշկ Արայիկ Ոսկանյանը հայտնել էր, որ հիվանդը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, ստացել է կյանքին վտանգ սպառնացող 4 վնասվածք: Ավելի ուշ դատախազությունից հայտնել էին, որ Արտուշ Մարգարյանի կինը դեպքի առիթով բացատրություն տալիս հայտնել էր, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ամուսինն իրենց սպանված որդու՝ Գուրգեն Մարգարյանի կորստի հետ կապված դարձել էր դյուրագրգիռ, տառապել անքնությամբ և օրվա մեծ մասն անցկացրել որդու դիմանկարի առջև:








































