Իռլանդիան ԵՄ-ից ու ԱՄՀ-ից 10 մլրդ եվրո կխնդրի այս տարեվերջին: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ հղում անելով երկրի ֆինանսների նախարար Մայքլ Նունանին:
Պաշտոնյան հայտարարել է, որ միջոցները կուղղվեն հիմնադրամի ստեղծմանը, որը կառավարության կողմից կօգտագործվի միայն ճգնաժամային իրավիճակներում: Նունանը հույս ունի, որ Իռլանդիան միջոցները կստանա առանց նախապայմանների: Վարկի ծավալը համեմատելի է երկրի բյուջեի ամենամյա դեֆիցիտի հետ:
Սեպտեմբերի 5-ին իռլանդական The Irish Times-ը նշել է, որ Եվրախմբի նախագահ Յերուն Դեյսելբլումը Դուբլինին աջակցություն է խոստացել անցումային փուլում՝ Բրյուսելի և ԱՄՀ-ի հետ համաձայնագրերի գործողության ավարտի ժամանակ: Պայմանագրի ժամկետն ավարտվում է 2013-ի վերջին: Դեյսելբլումը մանրամասներ չի ներկայացրել ապագա եվրոպական օգնությունից:











































