Արդեն մի քանի նիստ է պարբերաբար հետաձգվում է Նորք-Մարաշի զինված խմբի գործով դատական նիստը, քանի որ գործով որպես մեղադրյալ ներգրավված պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանին չեն բերում դատական նիստերին:
Վահան Շիրխանյանի առողջական վիճակը շատ վատ է: Նա ինքնուրույն տեղաշարժվել չի կարողանում, իսկ քրեակատարողական վարչությունը հրաժարվում է բավարարել պաշտպանական կողմի միջնորդությունը՝ Շիրխանյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց ստացիոնար բուժման:
Վահան Շիրխանյանի պաշտպան Հայլ Ալումյանն ասաց, որ հիմա նշանակվել է փորձաքննություն, որը պետք է պատասխանի հարցին՝ Շիրխանյանը կկարողանա՞ մասնակցել դատական նիստերին, թե՞ ոչ: Սակայն այդ փորձաքննությունը դեռ չի կատարվել:
Հայկ Ալումյանի խոսքերով՝ սակայն, դատական նիստերը չպետք է հետաձգվեն, իսկ եթե Շիրխանյանին չբերելու պատճառով հետաձգվում են, ուրեմն այդտեղ միտում կա: «Այդ նիստերը չպետք է հետաձգվեին ու հիմա էլ չպետք է հետաձգվեն: Հայաստանի Հանրապետությունում մի հատ սայլակ չկա՞ պետական, որ պետությունը տրամադրի Շիրխանյանին, նա էլ այդ սայլակով գա նիստի: Շիրխանյանի ներկայությունը չապահովելը դատարանի դահլիճում ընդամենը պատրվակ է, որպեսզի դատական նիստ չանեն: Թե չէ եթե նրանք ուզենային նիստ անել, հաստատ մի սայլակ կգտնեին»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ դատական նիստերի ձգձգման պատճառն իր կարծիքով այն է, որ, հավանաբար, չեն ցանկանում, որ Վահան Շիրխանյանը հայտնվի դատարանի դահլիճում լրագրողների ներկայությամբ:
Կապահովվի՞ արդյոք հաջորդ նիստին Վահան Շիրխանյանի ներկայությունը, թե՞ ոչ, դեռ պարզ չէ, քանի որ, ինչպես արդեն նշեցինք, նշանակված փորձաքննությունը դեռ չի կատարվել:
Հիշեցնենք, որ քրեակատարողական հիմնարկից Վահան Շիրխանյանն արդեն երկու նամակ է հրապարակել լրատվամիջոցների միջոցով, որտեղ հրապարակավ քննադատել է Սերժ Սարգսյանին, նրա գործունեությունը: Վերջին նամակում Շիրխանյանը նախ հիշեցրել էր.«1995-ին դու կամավոր քո վրա ես վերցրել արտագաղթի վերահսկման խնդիրը և 21 տարում դարձրել ոչ միայն վերահսկելի, այլև օգտագործել որպես ձրի քվեներ ընտրություններում: 1․5 մլն մարդ քո խղճի վրա է: Դատարկել ու ավերել ես 400 գյուղ և 21 քաղաք (հավաքականորեն): Հերիք է, Սե՛րժ»,- գրել է Շիրխանյանը: Նա իրավիճակից դուրս գալու 3 ելք էր առաջարկել Սերժ Սարգսյանին. «Ափսոս՝ չես համաձայնի գալ իմ զնդանը: Այդ դեպքում ստիպված կլինես ընտրել հետևյալ 3 ճանապարհներից մեկը՝ կալանավորում ես հանրության կողմից բազում հանցագործություններում մեղադրվող մերձավորներիդ, նախորդ 2 վարչապետերին, և ինչ-որ ժամանակով շարունակում «աշխատել», հավաքում ես բոլորին և արտագաղթում, շարունակում ես սև գործդ և սրտատրոփ սպասում հաջորդ զինյալ խմբին, որ կհաջողի: Ընտրությունը քոնն է»:
Հիշեցնենք, որ զինված խմբի գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել 33 անձի, որոնցից 20-ը կալանավորված են, ևս 4-ը անջատված մասով դատապարտվել են, իսկ մնացածները՝ ազատ արձակվել: 33 հոգու մեղադրանքներ են առաջադրվել հանցավոր համագործակցություն ստեղծելու և ղեկավարելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 1-ին մաս), հանցավոր համագործակցությանը մասնակցելու (Քրեական օրենսգրքի 223-րդ հոդվածի 2-րդ մաս) և կազմակերպված խմբի կողմից ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր ձեռք բերելու, իրացնելու, պահելու, փոխադրելու և կրելու (Քրեական օրենսգրքի 235-րդ հոդվածի 3-րդ մաս) համար:
Խմբի ղեկավարն Արթուր Վարդանյանն է, ով նախորդ դատական նիստին հայտարարել էր, որ չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:
Գործով անցնում են նաև «Հայրենիք և պատիվ» կուսակցության նախագահ Գառնիկ Մարգարյանը և պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, ինչպես նաև Վլադիմիր Առաքելյանը, Խաչիկ Ավետիսյանը, Ավետիս Բարեյանը, Վաղինակ Ստեփանյանը, Արթուր Եղիազարյանը, Վահագն Սալնազարյանը, Արման Հայրապետյանը, Էդվարդ Ներսիսյանը, Հարություն Սարիբեկյանը, Արա Պողոսյանը, Տիգրան Բոյաջյանը, Գևորգ Ջնդոյանը, Արկադի Մարդոյանը, Ասյա Մկրտչյանը, Մարինե Կաթանյանը, Նելլի Մինասյանը:
Լուսանկարը՝ ArmLur.am-ի










































