Sunday, 05 07 2026
ԱԲ-ն կարող է պետական կառավարման համակարգը դարձնել ավելի արդյունավետ, քաղաքացիների կարիքներին արագ արձագանքող. ԲՏԱ նախարարի հարցազրույցը
23:50
Կարող էինք հուղարկավորության ժամանակ մեկ հարվածով վերացնել Իրանի ղեկավարությանը․ Թրամփ
Ամբերդի վերականգնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով ԿԳՄՍ նախարարն այցելել է ամրոցի տարածք
23:30
ՌԴ-ն Ուկրաինային հորդորում է 6 ժամով դադարեցնել Կոնստանտինովկայի գնդակոծություն
Հայաստանի բասկետբոլի Մ16 տարեկանների հավաքականը հաղթանակով է մեկնարկել երևանյան ԵԱ-ում
23:10
ԱՄՆ-Իրան բանակցությունները կվերսկսվեն հուլիսի 11-ին
Տեղի է ունեցել կին դիվանագետների միջազգային օրվան նվիրված բարձր մակարդակի միջոցառում
22:50
ԵՄ-ում կարող են արգելել երեխաների մուտքը սոցիալական ցանցեր
Կապան-Խոտանան ավտոճանապարհին ավտովոզում բռնկված հրդեհի հետևանքով ավտովոզը և 5 ավտոմեքենաներ այրվել են
22:30
Աննախադեպ շոգը խաթարել է ԱՄՆ-ի Անկախության օրվա տոնակատարությունները
Կեցցե՜ ժողովրդավարությունը, շնորհավորում եմ բոլորիս
22:10
Կեղծ նիհարեցնող դեղամիջոցները մարդկանց կոմայի մեջ են գցել
Հայաստանը շատ հեշտ հրաժարվեց ռուսական զենքից. նույնը տեղի կունենա բոլոր մյուս ոլորտներում
21:50
Էվերեստի ամենահայտնի անանուն զոհերից մեկի ինքնությունը բացահայտվել է
ՀՀ-ի նկատմամբ վստահության մեծացմամբ՝ ԵՄ-ն ավելի առաջ է գնում. ՌԴ ախորժակը սահմանափակվում է
21:30
«Այլմոլորակային զենք» Մարսի վրա՞
«Եռագլուխը» եթե բանտում լինի, նորմալ ընտրություն կանցկացվի. այս ելքը նրանց ավելի ձեռնտու է քան ՔՊ-ին
21:09
IPhone 18 Pro-ի գաղտնի տվյալների արտահոսքից հետո Apple-ը արձագանքել է միջադեպին
Հայաստանի ապաշրջափակման «հյուսիսային նախագիծը» իրատեսական չէ, ի՞նչ կտա TRIPP-ը
20:50
Գերմանիայում արգելափակել են ծայրահեղ աջերի համագումարը
Կիևյան կամրջի աշխատանքները շարունակվում են ամեն օր. Արտյոմ Կարապետյան
20:30
Ինչու Իրանը համաձայնեց զինադադարին. NYT
9-րդ գումարման ԱԺ-ում ներկայացված կլինեն երեք խմբակցություն․ ՍԴ-ն ուժի մեջ թողեց ԿԸՀ 259-Ա որոշումը
20:10
Աշխարհում միլիարդատերերի թիվը հասել է պատմական առավելագույնի
Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում. ՀՏԶՀ
19:50
«Արյունոտ ջրվեժը» Անտարկտիդայում
Հայաստանի արտահանման ուղիների դիվերսիֆիկացումը և ընդլայնումը ՀՀ կառավարության ռազմավարական առաջնահերթություններից է․ Տիգրան Մկրտչյան
19:30
Ռեյխսկանցլերիայի հետ կապված բունկերը պատրաստվում են քանդել
Դատախազության ամենակարևոր ռեսուրսը սկզբունքային, պրոֆեսիոնալ, բարեվարք և իրենց ծառայությանը նվիրված մարդիկ են. գլխավոր դատախազը կոլեգիայի նիստ է անցկացրել
19:10
Հայտնաբերվել է կյանքի համար հնարավոր պայմաններ ունեցող մոլորակ

Քաղաքական կոռուպցիան լուրջ սպառնալիք է Հայաստանի ապագայի և արժանապատվության համար

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Պյոտր Սվիտալսկին:

Պարոն դեսպան, ինչպե՞ս կգնահատեք խորհրդարանական ընտրությունները, նկատի ունեմ ապրիլի 2-ին Հայաստանում կայացած ողջ ընտրական գործընթացը։ Ի՞նչ եք կարծում՝ Հայաստանն առաջընթաց գրանցե՞լ է նախորդ ընտրությունների համեմատ։ Որո՞նք էին ընտրությունների դրական և բացասական կողմերը։

– Շնորհակալ եմ այս հնարավորության համար։ Թույլ տվեք ասել, որ այժմ՝ ընտրություններից մի քանի օր անց,  մենք գտնվում ենք հետընտրական գործընթացների չափազանց կարևոր փուլում: Ժամանակն է հետևել, թե ինչ ընթացք են ստանում տարբեր դերակատարների կողմից ներկայացված բողոքները, ժամանակն է հետևել, թե Ընտրական օրենսգրքի՝ իրավապաշտպան մարմինների կողմից հաստատված խախտումների  ուղղությամբ ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, ժամանակն է հանգիստ մթնոլորտում ուշադրությամբ վերլուծել առկա բոլոր փաստերը,  փաստաթղթերն ու վկայությունները: Կարծում եմ՝ Եվրոպական միության շնորհիվ անկախ Հայաստանի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ հնարավորություն ունենք ուսումնասիրելու քվեարկության ընթացքում հավաքված բոլոր ապացույցները,  հնարավորություն ունենք վերլուծելու գրանցված ընտրողների ցուցակը և  դիտելու տեսախցիկների տեսագրությունները,  հնարավորություն ունենք ուսումնասիրելու առկա բոլոր, այդ թվում՝ միջազգային և ՀԿ-ների աննախադեպ մեծ թվով դիտորդների կողմից տրամադրված փաստերը։ Ուստի ոչինչ վերջնական չէ՝ ո՛չ մի գնահատական, ո՛չ մի եզրակացություն վերջնական չէ, քանի դեռ չունենք ընտրությունների ամբողջական պատկերը: Այսպիսով՝ հիմա, երբ քաղաքական կրքերը հանդարտվել են, կարծում եմ, որ առնվազն այս անգամ, և հատկապես Եվրամիությունը, որը մեծ ներդրում ունի քաղաքական ջանքեր և ֆինանսական աջակցություն տրամադրելու տեսանկյունից, կարող է ստանալ ընտրությունների օրը և դրան նախորդող փուլում տեղի ունեցած իրադարձությունների ամբողջական պատկերը:  Կարծում եմ՝ ներկա փուլում իրականացվող աշխատանքը չափազանց կարևոր է, որովհետև կարող ենք տեսնել, թե ինչպես  իրեղեն ապացույցներով հնարավոր կլինի հաստատել միջազգային դիտորդական առաքելությունների կողմից արդեն հաղորդված տարբեր ազդանշանները, դիտարկել միջազգային դիտորդների կողմից հայտնաբերված, հաղորդված և միջազգային դիտորդական առաքելությունների զեկույցներում ներկայացված ընտրախախտումները, որոնք հիմնականում վերաբերում են բաց քվեարկությանը, խմբային քվեարկությանը, ուղղորդված  քվեարկությանը և ընտրող կամ դիտորդ չհանդիսացող այլ անձանց ներկայությանը տեղամասերում։ Ուսումնասիրելով տեսագրությունները՝ կարող ենք տեսնել, թե ե՛րբ, ո՛ր ընտրատեղամասերում և ի՛նչ հաճախականությամբ է դրսևորվել նման գործելակերպ։ Սա չափազանց կարևոր է ոչ միայն  ընտրական գործընթացների ժողովրդավարական բնույթի նկատմամբ վստահությունը բարձրացնելու առումով, այլև ապագայի համար ճիշտ եզրակացություններ անելու տեսանկյունից: Կարծում եմ՝ մասնավորապես բաց քվեարկության ու խմբային քվեարկության դեպքերը պետք է հաշվի առնվեն ընտրողների համար նախատեսված ուսուցողական ծրագրերում։

Կարծում եմ նաև, որ ընտրական ոլորտի պաշտոնյաները, այդ թվում՝ ընտրատեղամասերի աշխատակիցները կարիք ունեն հստակ ուղղորդման՝ առ այն, թե ինչպես կանխել նմանօրինակ իրավիճակները։ Ուստի Եվրոպական միությունը՝ որպես քաղաքացիական հասարակության մի շարք կազմակերպությունների ջանքերը հովանավորող կառույց, ցանկանում է արդար մնալ, և մենք  կարևոր ենք համարում, որ առկա բոլոր փաստերի ուսումնասիրության արդյունքում կատարվեն արդար եզրակացություններ՝ նպաստելով Հայաստանում ժողովրդավարական գործընթացների իրականացմանն ապագայում:

Ուստի, ինչպես արդեն ասացի, հիմա ժամանակ ունենք, որպեսզի քաղաքական կրքերի բացառմամբ,  առանց շուտափույթ եզրակացությունների և բուռն արձագանքների՝ պարզ և հանգիստ մթնոլորտում հետևողականորեն ուսումնասիրենք առկա բոլոր փաստերը։

– Ըստ Ձեզ՝ Հայաստանը նախորդ ընտրությունների համեմատ առաջընթաց գրանցե՞լ է։

– Միջազգային դիտորդական առաքելության նախնական զեկույցը ուշադիր կարդալիս կարելի է նկատել, որ այնտեղ պարզունակ կերպով ներկայացված են  ինչպես դրական, այնպես էլ բացասական կողմերը։  Մենք՝ որպես Եվրոպական միություն, ինչպես գիտեք, շատ սերտորեն ենք աշխատել ընտրությունների նախապատրաստման ընթացքում, ինչպես նաև ընտրությունների օրը: Պետք է ասեմ, որ ես ինքս այցելել եմ մի քանի ընտրատեղամասեր, նաև՝ պատվիրակության իմ գործընկերները, նաև՝ Եվրոպական խորհրդարանի մեր պատվիրակությունը, որի հետ  շատ ժամանակ ենք անցկացրել, մենք գիտենք, թե ինչ են նրանք տեսել, և թե ինչ են մտածում։ Լավն այն է, որ միջազգային այցելուների դիտարկմամբ՝ ընդհանուր առմամբ պահպանվել են հիմնարար քաղաքական ազատությունները, որոնք ինչպես ակնկալվում է՝ պետք է պահպանվեն ընտրարշավի ընթացքում, մասնավորապես՝ հավաքների ազատությունը, խոսքի ազատությունը: Ինչ վերաբերում է հավաքների ազատությանը՝ կարծում եմ, որ ընտրություններում  թեկնածություն առաջադրել ցանկացող յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն կամ խմբակցություն կարողացել է մասնակցել ընտրություններին: Հայաստանում չկա որևէ թեկնածուի կամ քաղաքական կուսակցության առաջադրմանը խոչընդոտող վարչական կամ դատական ընթացակարգ։ Եթե համեմատենք տարածաշրջանի այլ երկրների, ինչպես նաև եվրոպական լայն տարածքի որոշ երկրների հետ, դա, անշուշտ, լավ օրինակ է։

Ինչ վերաբերում է խոսքի ազատությանը՝ կարծում եմ, որ Հայաստանի լրատվական դաշտի նույնիսկ խիստ քննադատական տեսաբանները հաստատում են, որ յուրաքանչյուր քաղաքական կուսակցություն հնարավորություն է ունեցել ԶԼՄ-ների միջոցով փոխանցել իր «ուղերձը»։ Իհարկե, որոշ մարդիկ բողոքում են, որ մի շարք լրատվամիջոցների կողմից հավասար պայմաններ չեն ապահովվել, այդուհանդերձ՝  հանրությանը «ուղերձ» փոխանցելու առնչությամբ ոչ ոք չի կարող բողոքել, որ որևէ կուսակցության հանդեպ դրսևորվել է խտրականություն, կամ այն դրվել է անշահավետ դիրքում։ Եվ կրկին, եթե համեմատենք այն, ինչ տեղի է ունենում Հայաստանում և տարածաշրջանի այլ երկրներում, դա իսկապես մեծ առաջընթաց է։

Ինչ վերաբերում է հավաքների ազատությանը՝ ի տարբերություն նաև Եվրոպայի որոշ երկրների, որևէ կուսակցության նկատմամբ չեն կիրառվել ընտրական հավաքները  խոչընդոտելու միջոցառումներ, չնայած որոշ ցույցեր, ընտրահավաքներ նույնականացվել են  բռնության հետ, սակայն դրանք խիստ առանձին դեպքեր են եղել։  Մեզ համար կարևոր է նաև այն, որ մարդկանց՝ նախընտրական հավաքները կանխելու նպատակով վարչական միջոցառումներ չեն իրականացվել: Այսպիսով՝ սրանք են լավ կողմերը. Բացի այդ, կարծում եմ՝ Եվրամիության համար չափազանց կարևոր է, որ նոր տեխնոլոգիաները, մասնավորապես՝  ընտրողների նույնականացման սարքավորումները, լավ են աշխատել։ Եվրամիությունը ֆինանսական լուրջ միջոցներ է ծախսել այդ ուղղությամբ, ուստի մեզ համար սա գոհ լինելու առիթ է:  Ի՞նչ նշանակություն ունի դա գործնականում։ Կարծում եմ՝ մենք օգնել ենք ապահովել թափանցիկության, քվեարկության գաղտնիության և անանունության ապահովման աննախադեպ բարձր մակարդակ: Արդյոք այս անգամ հայ ընտրողն ունեցե՞լ է վստահության անհրաժեշտ մակարդակ՝ հետո կտեսնենք, բայց ես կարծում եմ, որ մենք ստեղծել ենք լավ նախադեպ։ Կարծում եմ, որ այդ տեխնոլոգիաներով մենք հասել ենք մի բանի, որը պետք է անշրջելի լինի։ Կրկին, եթե նայեք միջազգային դիտորդական առաքելության զեկույցը, նրանք նշել են, որ շնորհիվ նոր տեխնոլոգիաների՝ զգալիորեն պակասել են անցյալի որոշ վատ դրսևորումներ։ Խոսքը վերաբերում է բազմակի քվեարկությանը, լիազորագրով քվեարկությանը և կարուսելային քվեարկությանը։  Այս անգամ միջազգային դիտորդները չեն անդրադարձել նման դեպքերի։ Հուսով եմ՝ դա անշրջելի կլինի, և որ այս նոր տեխնոլոգիաները և նոր մոտեցումը կմնան Հայաստանում ու չեն մերժվի, քանի որ կարծում եմ՝ հայ ընտրողները կգնահատեն ընտրական գործընթացների թափանցիկությունը, որը ձեռք է բերվել մեր, այդ թվում՝ ԵՄ-ի աջակցությամբ։ Սրանք էին լավ տարրերը, և ես բարձր եմ գնահատում  ՄԱԿ-ի զարգացման ծրագրի և ՀՀ կառավարության մեր գործընկերներին, ովքեր շատ ջանասիրաբար աշխատել են  այդ տեխնոլոգիաները շահագործելու ուղղությամբ։ Ես նույնիսկ կարող եմ ասել, որ Հայաստանը համաշխարհային ռեկորդ է սահմանել որոշման ընդունման և տեխնոլոգիաների գործադրման միջև ժամանակահատվածի առումով։ Ոչ մի այլ երկիր չի ունեցել դրա համար այդքան կարճ ժամանակ։ Եվ դա աշխատեց։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի իմ գործընկերներից ոմանք ասում են, որ դա ասես հրաշք լիներ։ Իհարկե, եղան խափանումներ, տեխնիկական խնդիրներ՝ ներառյալ  բարձրաստիճան պաշտոնյաների քվեարկության ժամանակ, սակայն նույնիսկ ես, երբ այցելեցի ընտրատեղամասեր, զարմացա, թե որքան արագ են աշխատում նոր տեխնոլոգիաները։ Սրանք լավ կողմերն են, և կարծում եմ՝ արդարացի է  գնահատել դրանք։

Այժմ վատ կողմերի մասին. եթե նայեք միջազգային թիմի դիտարկումները, նրանք հստակ ասում են, որ ընտրական գործընթացների վրա ստվեր են գցել այնպիսի արատավոր գործողությունները, ինչպիսիք են,  մասնավորապես, քվեների վաճառքը, հանրային պաշտոնյաների կամ նույնիսկ մասնավոր ընկերությունների կողմից ճնշումները։ Սա բավականին հիասթափեցնող է։ Ես չեմ զարմանում, քանի որ, եթե հիշում եք, մի քանի ամիս շարունակ ես կոչ էի անում հայերին դիմադրել կաշառք վերցնելու գայթակղությանը, լինել բավականաչափ համարձակ՝ դիմակայելու ճնշումներին, այսպիսով՝ ես փորձում էի հնարավորինս կանխել այդ վատ երևույթները: Այժմ բոլորն են քննարկում դա, ես այդ մասին լսում եմ քաղաքական դաշտի բոլոր կողմերից, քաղաքացիական հասարակությունից, բայց նաև քաղաքական կուսակցությունների կողմից՝ ոչ միայն պարտվող, այլև հաղթողներից, որոնք խորհրդարանում են։ Նրանք դրան տալիս են բացասական գնահատական՝ նշելով, որ դա բավականին ցավալի է։ Ցավոք, ընտրությունների ընդհանուր առմամբ բացասական պատկերը վատ ազդանշան է հաղորդում Հայաստանում  ժողովրդավարական գործընթացների պատկերի վերաբերյալ։ Ես կարող եմ միայն իմ ափսոսանքն արտահայտել, որ իմ կոչերին բոլորը չեն հետևել, բայց ուրախ եմ, որ որոշ քաղաքացիական ակտիվիստներ, նույնիսկ մշակութային որոշ գործիչներ ակտիվ մասնակցություն են ունեցել ձայների վաճառքից հրաժարվելու վերաբերյալ հայերին կոչեր ուղղելու գործում։ Երախտապարտ եմ որոշ կազմակերպությունների, մասնավորապես՝ «Իրազեկ քաղաքացիների միավորմանը»` մերկացնելու համար ողբալի պրակտիկան, որը վարել են որոշ դպրոցների տնօրեններ, ուսուցիչներ։

Եվրամիությունը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը ջանք չխնայեցին բարձր չափորոշիչներով ընտրություններ կազմակերպելու գործում Հայաստանին ֆինանսական աջակցությամբ ապահովելու համար։ Կարծում եք՝ ներդրումը տեղի՞ն էր։ Այդ ներդրումն արդյոք իրական տարբերություն ստեղծե՞ց։

– Նախնական եզրակացության համաձայն, կարծում եմ, ներդրում կատարելը տեղին էր. դրամը տեղին է ծախսվել, ներդրվել են տեխնոլոգիաներ, ինչն էլ չնայած տեսախցիկների հետ կապված որոշ անսարքություններին՝ արժանացել է միջազգային դիտորդների դրական գնահատականին: Վերջնական եզրակացություն մենք կարող ենք տալ  միայն  ժամանակային ավելի մեծ հեռանկարում, քանի որ, ինչպես ասացի, հույս ունենք, որ Հայաստանում տեղի ունեցող դրական  փոփոխություններն անդարձելի կլինեն, իսկ արատավոր գործելակերպը, որը ճանաչել են նույնիսկ հաղթող կողմերը, մեր խորին համոզմամբ՝ շատ արագ կվերացվեն: Իսկ թե ապրիլի 2-ին տեղի ունեցածից անհրաժեշտ դասեր քաղվել են, թե ոչ, կարծում եմ՝ ցույց կտան Երևանի ավագանու ընտրությունները: Եթե մենք տեսնենք, որ նույն  արատավոր դրսևորումները կրկնվում են, մեր գնահատականը կարող է խիստ բացասական  լինել, ինչը կնշանակի, որ Հայաստանի քաղաքական մշակույթի հետ ինչ-որ բան այնպես չէ:

Ես, ինչպես գիտեք, լավատես եմ իմ էությամբ, ոչ միայն մասնագիտական առումով:  Հույս ունեմ, որ քաղաքական վերնախավի տարբեր կողմերից արվող հայտարարություններն առ այն, որ կատարվածը, մասնավորապես՝  քվեների վաճառքը, ընտրակաշառքի բաժանումը, ինչպես նաև պաշտոնյաների կողմից  գործադրված ճնշումները արատավոր երևույթներ են, արմատախիլ կարվեն: Եվ կարծում եմ՝ դա բխում է Հայաստանի երկարաժամկետ շահերից, քանի որ  խորհրդարանում աթոռ  գնելու պարագայում անհնար կլինի  երկարաժամկետ հեռանկարում պահպանել դրա լեգիտիմությունը։ Ուստի և հուսով եմ, որ քաղաքական վերնախավը կանի անհրաժեշտ եզրակացություններ, հուսով եմ, որ պետական կառույցները, մասնավորապես՝ իրավապահ մարմինները կանեն համապատասխան  եզրակացություններ։ Անշո՛ւշտ, մենք քննարկումներ ենք ունեցել նրանց հետ: Ըստ նրանց՝ շատ դժվար է, հատկապես քվեների գնման հարցում անհրաժեշտ ապացույցներ հավաքելը: Բայց ես կարող եմ պատմել այլ երկրների փորձի մասին. մարդիկ ասում են՝ բարեգործության և ընտրակաշառքի միջև հստակ սահմանագիծ անցկացնելը շատ դժվար է: Պետք չէ հեծանիվ հորինել։ Մյուս երկրները ունեցել են նմանատիպ խնդիրներ, Հայաստանը միակը չէ: Մյուս երկրներին հաջողվել է հաղթահարել նման իրավիճակները: Ինչ վերաբերում է արդի տեխնոլոգիաներին՝ անգամ իրավապահ մամինները եթե դրսևորեն ճիշտ մոտեցում և անհրաժեշտ կամք, կարող են ինչ-որ բան անել: «Իրազեկ քաղաքացիների միավորման» օրինակը ցույց տվեց, որ նույնիսկ  ՀԿ-ները կարող են բավականին արդյունավետ կերպով  բացահայտել արատավոր գործողությունները։ Հուսով եմ՝ բոլոր մարդիկ և նաև քաղաքական վերնախավը հասկացել են, որ դա չափազանց վնասակար է Հայաստանի ապագայի համար, և որ այնպիսի արատավոր գործողությունները, ինչպիսին է, մասնավորապես, քվե գնելը, ստվեր են գցում երկրի հեղինակության վրա՝ խոչընդոտելով երկրի զարգացմանը, անգամ եթե այսօր որոշ մարդիկ գոհ են, որ կարողացել են հաջողությամբ  գլուխ բերել ընտրողների քվեների վաճառքի կազմակերպումը: Երբ կարդում եմ արևմտյան որոշ թերթերի ու ամսագրերի կողմից ներկայացվող նյութերը Հայաստանի մասին՝ խորհրդարանական ընտրություններից առաջ և հետո, ափսոսանք եմ զգում, որ դրանք բոլորը գրում են քվեներ գնելու մասին։ Անկեղծ ասած, ես՝ որպես Հայաստանում ԵՄ դեսպան, չեմ ցանկանում, որպեսզի Հայաստանն ասոցացվի նման գործարքային քաղաքականության հետ։ Կան արժեքներ, որոնք վաճառքի ենթակա չեն։

Գիտեմ, որ հանդիպել եք քաղաքացիական հասարակության և անկախ դիտորդական խմբերի ներկայացուցիչների հետ, ընդհանուր առմամբ ծանոթ եք ընտրությունների վերաբերյալ նրանց գնահատականին։ Ի՞նչ կարծիք ունեք նրանց դերի, նրանց մասնակցության մասին՝ ողջ նախընտրական գործընթացում և ապրիլի 2-ին կայացած ընտրությունների ընթացքում։

 – Ինչպես գիտեք, Եվիամիությունն ավելի քան 300 հազար եվրո է ծախսել՝ աջակցելու քաղաքացիական հասարակության ջանքերին տարբեր ձևերով՝ հիմնականում ընտրություններին դիտորդներ տեղակայելու միջոցով:  Եվ այո, ընտրատեղամասերում դիտորդների բաշխվածությամբ և նրանց  թվով այս ընտրությունները ռեկորդային ցուցանիշ են գրանցել: Մարդիկ հաճախ դժգոհել են, թե դիտորդների թիվը գերազանցում է ընտրողների թվին։ Կարծում եմ, որ հանրային վստահությունը բարձրացնելու առումով դա ոչ միայն հարմար է, այլև խիստ կարևոր:  Որոշ մարդիկ կարող են չափազանց բուռն արձագանքել այն ամենին, ինչ ասում կամ անում են քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, բայց նրանք ընտրական գործընթացի մասն են կազմում և իրավունք ունեն զգոն լինելու, մատնանշելու քննադատության արժանի երևույթները: Որոշ դեպքերում մարդիկ ասում են՝ քաղաքացիական հասարակությունը խոսում է միայն վատ երևույթների մասին, երբեք չի գովաբանում լավը. բայց դա բնական է,  դա է նրանց դերը։ Համոզված եմ՝ դա արժանի է բարձր գնահատականի: Մենք՝ որպես Եվրամիություն, բարձր ենք գնահատում նրանց ջանքերը, և եթե անգամ երբեմն տեսնում ենք էմոցիաներ այն ամենի վերաբերյալ, ինչ նրանք ասում կամ անում են, եթե անգամ երբեմն հանդիպում ենք բուռն արձագանքի, դա նույնպես ժողովրդավարական մշակույթի մի մասն է։ Եվ պետք է ասեմ, որ քաղաքացիական հասարակության միջավայրի կենսունակության մակարդակով Հայաստանը կարող է շատ լավ օրինակ ծառայել այլ երկրների համար։ Քաղաքացիական հասարակությունը Հայաստանում իրենից ներկայացնում է կարևոր արժեք։  Հույս ունեմ, որ Եվրասիական տնտեսական միությունը որևէ առնչություն չի ունենա Հայաստանի  քաղաքացիական հասարակության կենսունակության հետ։

Դուք և ԱՄՆ դեսպանը քանիցս նշել եք, որ  կոռուպցիան ազգային անվտանգության սպառնալիք է Հայաստանի համար։ Այս ընտրություններն ինչ-որ իմաստով ցույց տվեցին, որ իշխող կուսակցությունը չի պատրաստվում հրաժարվել կոռուպցիայից, նույնիսկ հարկ եղած դեպքում պատրաստ է վտանգել ազգային անվտանգությունը։ Արդյոք Հանրապետական կուսակցության գլխավորած կառավարությունը շարունակո՞ւմ է վայելել ԵՄ-ի աջակցությունը։

Ես համաձայն եմ Ձեզ հետ՝ այս ընտրությունները հաստատեցին, որ մենք՝ որպես Եվրոպական միություն, իրավացի ենք, երբ կոռուպցիան սահմանում ենք որպես Հայաստանի զարգացման համար լուրջ, եթե ոչ՝ լրջագույն խոչընդոտներից մեկը:

Կարծում եմ, որ այն բոլոր վատ երևույթները, որոնք տեղ էին գտել ընտրությունների ժամանակ և դրանից առաջ, կծառայեն որպես ինքնամաքրում՝ կատարսիս բոլոր մարդկանց՝ ներառյալ քաղաքական գործիչների համար։ Նրանք կհասկանան, որ դա զգոնության կոչ է այդ ողբալի երևույթի նկատմամբ, որովհետև առանց դրա դեմ պայքարելու Հայաստանը չի կարողանա գնալ փոփոխությունների։ Այլ հարց է, թե ինչպես դա անել։ Ինչպես ասել եմ ընտրություններից առաջ, վարչապետ Կարապետյանի ղեկավարությամբ կառավարությունը մշակել է բավականին լավ նախագծեր, ծրագրեր, այդ թվում՝ օրենսդրական ակտեր։ Իմ ընկալմամբ՝ այժմ մեծ թափով կշարունակվեն այդ նախագծերի կյանքի կոչմանն ուղղված աշխատանքները, քանի որ որոշ նախագծեր հետաձգվել էին  խորհրդարանական ընտրություններով պայմանավորված Ազգային ժողովի նիստեր չգումարվելու արդյունքում։ Այժմ եկել է հատուցման պահը:  Մենք ակնկալում ենք, որ կյանքի կկոչվեն ՀՀ վարչապետի կողմից ինձ և հատկապես  հայ ժողովրդին տրված խոստումները, այդ թվում՝ անկախ հակակոռուպցիոն մարմնի ստեղծման վերաբերյալ: Այո, մենք շարունակելու ենք աշխատել ՀՀ կառավարության հետ կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ և, հավատացած լինելով, որ ընտրություններից առաջ մշակված նախագծերը հեռանկարային են, հուսով ենք, որ այժմ առկա է դրանք կյանքի կոչելու համար հավելյալ շարժառիթ։ Եվ կա նաև լրացուցիչ հանձնարարություն, այն է՝ վերացնել քվեների վաճառքն ու ընտրական և քաղաքական կոռուպցիան, որն, ըստ ամենայնի, հավատացած եմ՝ լուրջ սպառնալիք է ոչ միայն քաղաքական մշակույթի զարգացման, այլև Հայաստանի ապագայի համար՝ ներառյալ Հայաստանի արժանապատվությունը։

Այսպիսով, մենք պատրաստ ենք աշխատել միասին, ինչպես նշված է տիկին Մոգերինիի խոսնակի հայտարարության մեջ: Մենք ունենք օրակարգ՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների օրակարգը, որի հաջորդ քայլն է ամփոփել, այսպես կոչված, Գործընկերության առաջնահերթությունները՝ քաղաքական փաստաթուղթ, որը կսահմանի մեր հետագա համագործակցության օրակարգը։ Հույս ունեմ, որ ս.թ. մայիսին կայանալիք Համագործակցության խորհրդի նիստին  Հայաստանը կլինի Արևելյան գործընկերության երկրներից առաջինը, որը կստորագրի  Գործընկերության առաջնահերթությունները։ Հույս ունեմ, որ ս.թ. նոյեմբերին կայանալիք Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում մենք կստորագրենք ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը։ Լիահույս եմ, որ մինչև ամառ որոշում կկայացվի ԵՄ Միասնական աջակցության շրջանակի հաջորդ փուլի վերաբերյալ։ Գաղտնիք չէ,  որ հնարավորություն կա մեծացնելու մինչև 2020 թվականը Հայաստանին տրամադրվող ֆինանսավորման ծավալները, որի շուրջ քննարկումներն ընթանում են Միասնական աջակցության շրջանակի շուրջ տեղի ունեցող բանակցությունների հետ միասին:

Մենք կշարունակենք բավականին պրագմատիկ, փաստերով հիմնավորված համագործակցություն, որը միտված կլինի օրակարգի փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող նպատակների իրականացմանը:

Ինչպես նշեցի ընտրությունների վերաբերյալ գնահատականի հետ կապված՝ վերջնական գնահատականը ժամանակ կպահանջի՝ ներառյալ ԵԱՀԿ-ի կողմից գնահատականը, կազմակերպություն, որն առաջատար դերակատարում ունի գնահատման գործում, նաև մեր, որովհետև ֆինանսավորման որոշ մասը հատկացվելու է ընտրությունների վերաբերյալ մեր գնահատականի հիման վրա։ Այն դեռ ժամանակ կպահանջի, իսկ մինչ այդ, ինչպես հայտարարվել էր Բրյուսելի կողմից, մենք կշարունակենք իրականացնել մեր պրագմատիկ օրակարգը: Մենք չենք տեսնում որևէ բան, որը կկարողանար բարդացնել այդ օրակարգի կյանքի կոչումը: Ավելին՝ մենք հավատացած ենք, որ ինչպիսին էլ լինի ընտրությունների արդյունքների քաղաքական ընթերցումը, հայ ժողովրդի կամքը կքաջալերի կառավարությանը ձեռնարկելու խոր և բազմակողմանի բարեփոխումներ և երկրի համար ապահովելու տևական խաղաղություն ու անվտանգություն։ Եթե կա ընտրություններում պարունակված «մեսիջ», ապա դա այն է, որ հայերը սպասում են խոր և համակողմանի բարեփոխումների։ Եվ մենք՝ որպես Եվրոպական միություն, կաջակցենք դրան, մենք կաշխատենք ի բարօրություն հայ ժողովրդի, որովհետև կարծում ենք, որ Հայաստանը պետք է վճռորոշ քայլեր կատարի երկրի բարեփոխման համար։

– Հայաստանի վարչապետն իր կառավարման 7 ամիսների ընթացքում չի հրավիրվել Եվրոպական մայրցամաք։ Կարելի՞ է ակնկալել, որ որպես Հայաստանի կարևոր գործընկեր՝ մոտ ապագայում նման հրավեր կլինի, թե՞ նման ծրագրեր նախատեսված չեն։

– Ես տեղեկացված չեմ ԵՄ առաջնորդների պլանների մասին՝ մասնավորապես, Ժան-Կլոդ Յունկերի կամ նախագահ Տուսկի օրակարգի առնչությամբ, բայց հավատացած եմ՝ ՀՀ վարչապետի հետ շփումները այդ օրակարգի մասն են կազմելու։ Մինչդեռ պետք է հիշենք, որ ընդամենը մի քանի շաբաթ առաջ Հայաստանի նախագահն այցելեց Բրյուսել, ուստի կարծում եմ, որ 2017 թվականը նույնպես հագեցած կլինի բարձր մակարդակի շփումներով:

Իմ կարծիքով՝ Բրյուսելում հետաքրքրված են շարունակելու երկխոսությունը ամենաբարձր մակարդակով, այդ թվում՝ վարչապետի մակարդակով։ Բոլոր բարձր պաշտոնյաները, ովքեր գալիս են Հայաստան, մեծ ուրախությամբ են հանդիպում վարչապետ հետ, ես ինքս հիշում եմ ԵՄ Հարևանության և ընդլայնման բանակցությունների (DG NEAR) գլխավոր տնօրեն (Քրիստիան) Դանիելսոնի և վարչապետի բավականին ջերմ զրույցը, երբ Դանիելսոնն այստեղ էր։ Նա Եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան քաղծառայող է։ Վարչապետի հետ նրանց զրույցը  շատ երկար ու շատ կառուցողական էր։ Վերջերս՝ ընտրություններից առաջ, Եվրոպական ներդրումային բանկի փոխնախագահը նույնպես շատ բարեկամական զրույց ունեցավ վարչապետի հետ: Ուստի կարող եմ ասել՝ մինչ այժմ Բրյուսելից այցելող  բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները հանդիպել են վարչապետի հետ և ունեցել են ոգեշնչող քննարկումներ բավականին լավ մթնոլորտում։

– Համագործակցության եզրեր տեսնո՞ւմ եք խորհրդարան անցած կուսակցությունների հետ՝ հատկապես, երբ «Ելք» դաշինքի առնվազն 2 ուժեր ընդգծված վերաբերմունք ունեն ԵՄ-ի հետ մեր երկրի համագործակցության խորացման հարցում։

– Մենք պահպանում ենք չեզոքություն: Ինչպես տեսնում եք, ես՝ որպես ԵՄ պատվիրակության ղեկավար, ընտրություններից առաջ բավականին պասիվ էի քաղաքական գործիչների հետ շփումներում՝ ոչ միայն իշխող կոալիցիայի, այլև ընդդիմության հետ շփումներում, որովհետև ցանկացել եմ, որ հայերն ունենան օբյեկտիվ տեսակետ այստեղ մեր դերի մասին։ Մենք չեզոք ենք. մեզ համար կարևոր են չափանիշները՝ եվրոպական արժեքները, ժողովրդավարության չափանիշները, գործընթացի թափանցիկությունն ու մաքրությունը:  Այդուհանդերձ, մենք անշուշտ կողջունենք խորհրդարանի, ներառյալ նոր գումարման  Ազգային ժողովի ցանկացած նախաձեռնություն, որը կնպաստի Հայաստանի ավելի մոտարկմանը եվրոպական արժեքներին և եվրոպական չափանիշներին:  Իհարկե, տեղյակ եմ, որ  քաղաքական կուսակցություններից մեկը որպես նախընտրական մանիֆեստի տարրերից մեկը պատրաստել էր եվրոպական պետության մոդել: Հավատացած ենք, որ դա շատ դրական մի բան է Հայաստանի համար։ Վստահ եմ, որ Հայաստանի քաղաքական կուսակցությունների դիսկուրսում որքան ավելի շատ լինեն եվրոպական արժեքներին, եվրոպական չափանիշներին, եվրոպական օրենսդրությանն ուղղված վկայակոչումները, այնքան ավելի լավ մթնոլորտ կլինի մեր աշխատանքի համար, որովհետև մեզ համար կարևոր չէ, թե ով է կառավարությունում, և ով է ընդդիմություն:  Եթե արդար է, եթե ժողովրդավար է,  ուրեմն ամեն ինչ կարգին է։ Քանի դեռ չկան ծայրահեղականներ, ամեն ինչ կարգին է։ Հայաստանում ընտրարշավի դրական կողմերից մեկն այն է, որ չեն եղել ծայրահեղական ուժեր՝ ներառյալ  խիստ հակաեվրոպական մոտեցումներ քարոզող ծայրահեղականներ:  Ընտրարշավի ժամանակ չեմ լսել, որ որևէ կուսակցություն դեմ գնա եվրոպական արժեքներին, ինչն արդեն լավ է։ Կարծում եմ, որ որքան ավելի շատ լինեն Եվրոպային ուղղված վկայակոչումները Հայաստանի քաղաքական դիսկուրսում, այնքան ավելի լավ Հայաստանի համար, որովհետև հայերն իրենց մտածելակերպով, իրենց ակնկալիքներով շատ եվրոպական են։ Կարծում եմ՝ նրանք ցանկանում են ապրել եվրոպական չափանիշներով՝ թե՛ բարեկեցության և սոցիալական  ապահովության և թե՛ ազատության, հանդուրժողականության պայմաններում և անձնական նախաձեռնողականության տարածքում։

ՀՀ իշխանությունները խոստացել են սրբագրել խորհրդարանական ընտրությունների ընթացքում արձանագրված հիմնական խախտումները Երևանի ավագանու ընտրությունների համար։ Դրանք նույնքան կարևո՞ր են ԵՄ-ի համար։

– Ես Ձեզ կասեմ շատ անկեղծ. մեզ համար Երևանի ավագանու ընտրությունները կլինեն շատ կարևոր փորձարկում առ այն, թե արդյո՞ք իսկապես դասեր քաղվել են համապետական ընտրություններից, մասնավորապես՝ այդ ընտրությունների ժամանակ արձանագրված վատ երևույթներից, որոնց մասին լրջորեն խոսվել է: Որո՞նք են այդ վատ երևույթները. մասնավորապես՝ քվեների վաճառքը, վարչական ճնշումները, բայց նաև ընտրողների վարքագիծը քվեարկության օրը։ Խոսքը բաց քվեարկության, խմբային քվեարկության մասին է և այլն։ Ինչպես ասել եմ, դա դժվար է, բայց իրագործելի:

Հայաստանում կան շատ մարդիկ, ովքեր բարոյական շիտակություն, բարոյական արժեքներ ունեն, ովքեր հարգված են բնակչության կողմից, նրանք քաղաքական գործիչներ չեն, նրանք մշակույթի, գիտության ոլորտի մարդիկ են, մտավորականներ, նույնիսկ կրոնական առաջնորդներ։ Եթե նրանք ուղարկեն հստակ ազդակներ, որ դա անընդունելի է նույնիսկ բարոյական տեսանկյունից, կարծում եմ՝ հասարակությունը կհետևի նրանց, որովհետև նրանք հասարակության բնական առաջնորդներն են, բարոյական առաջնորդները։ Ես լիահույս եմ, որ մայիսի 15-ից հետո մենք միշտ դրականի ականատեսը կլինենք։ Ամենայն լավը թող մնա ընդմիշտ, իսկ վատը թողնենք անցյալում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում