Կիպրոսի խորհրդարանը Հայոց ցեղասպանության 102-րդ տարելիցին ընդառաջ միջազգային հանրությանը կոչ է արել ճանաաչել Հայոց ցեղասպանությունը։
Kibrispostasi.com կայքի փոխանցմամբ՝ խորհրդարանի նախագահ Դեմետրիս Սիլուրիսը նիստում ելույթի ժամանակ նշել է, որ Թուրքիան հայերի նկատմամբ էթնիկ զտումների քաղաքականություն է իրականացրել: «Չնայած Հայոց ցեղասպանությունից 100 տարի է անցել, Թուրքիան շարունակում է ժխտել այն»,-ասել է նա՝ կոչ անելով միջազգային հանրությանն ընդունել և դատապարտել Հայոց ցեղասպանության փաստը:
Սիլուրիսը նաև նշել է, որ Կիպրոսն առաջիններից էր աշխարհում, որ ճանաչել և դատապարտել է Հայոց ցեղասպանությունը։
Խորհրդարանի նիստին ելույթ է ունեցել նաև հայազգի պատգամավոր Վարդգես Մահտեսյանը, որի խոսքով՝ մեկ դար անց հայ ժողովուրդը ձգտում է ոչ թե վրեժի, այլ արդարության:











































