Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանն այսօր ընդունել է ԵՄ կողմից ֆինանսավորվող Արևելյան գործընկերության տարածաշրջանային համագործակցության աջակցման (ԱԳՏՀԱԾ) ծրագրի հայկական և վրացական կողմերի պատասխանատուներին, ծրագրի փորձագետին, Ջավախքի, ինչպես նաև Վրաստանի այլ շրջաններից Գյումրի ժամանած ներկայացուցիչների: Ծրագիրի նպատակն է նպաստել Արևելյան գործընկերության երկրների սահմանակից շրջաններում կայուն տարածաշրջանային համագործակցությանը, սահմանամերձ շրջաններում առկա ընդհանուր խնդիրների համատեղ լուծումներ գտնելն ու մշակելը:
Ողջունելով հյուրերին՝ Սամվել Բալասանյանը կարևորել է վերջնական ձևավորման փուլում գտնվող ծրագրերի իրականացումը, ինչը կնպաստի ոչ միայն Գյումրու առաջընթացին, այլև Հայաստանի ու Վրաստանի հայաբնակ շրջանների միջև գործնական կապերի խորացմանը: Քաղաքապետը մասնավորապես շեշտը դրել է ծրագրի այն մասի վրա, որը վերաբերվում է տեղական համայնքների կենսապայմանների բարելավմանը, մշակույթի, կրթության և սպորտի ոլորտում համատեղ ծրագրերի իրականացմանը:
Պատասխան խոսքում ծրագրի փորձագետ Լորենցո Նավան մասնակիցների անունից շնորհակալություն է հայտնել Գյումրու քաղաքապետին ընդունելության և համագործակցության պատրաստակամության համար, այնուհետև մանրամասն ներկայացրել է ծրագրի էությունն ու իրականցման փուլերը:
Հանդիպման ընթացքում ծավալվել է կառուցողական երկխոսություն և քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր ևս:









































