Եվրախորհրդարանը կքննարկի «Արևելյան գործընկերության» երկրների վրա Ռուսաստանի կողմից կիրառվող ճնշման հարցը, այնուհետև քվեարկության արդյունքներով համապատասխան բանաձև կընդունվի: Ինչպես հաղորդում է Interfax.com.ua-ն, նման որոշում կայացվել է սեպտեմբերի 5-ին՝ Բրյուսելում Եվրախորհրդարանի նախագահների համաժողովին:
«Ռուսաստանի կողմից «Արևելյան գործընկերության» երկրների վրա կիրառված վերջին ճնշումները և հետևանքները, Մաքսային միությանն անդամակցելու մասին Հայաստանի հայտարարությունը, Վրաստանի վարչապետի հայտարարությունը՝ նման հավանականությունը քննարկելու մասին, առևտրային պատրեազմն Ուկրաինայի դեմ, մի շարք սպառնալիքներ՝ ուղղված Մոլդովային՝ սրանք ամբողջ «Արևելյան գործընկերությունը» հարցականի տակ դնելու ակնհայտ փորձեր են: Ուրախ եմ, որ Եվրախորհրդարանը հստակ դիրքորոշում կցուցաբերի այս հարցի շուրջ»,- հայտարարել է Եվրոպական ժողովրդական կուսակցության փոխնախագահ Յացեկ Ցարիուշ-Վոլսկին:
Եվրախորհրդարանում այս հարցը քննարկելու նախաձեռնությամբ հանդես են եկել հենց Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամները: Այդ գաղափարն աջակցություն է գտել քաղաքական մյուս խմբերի մոտ:
Ակնկալվում է, որ քննարկումը տեղի կունենա չորեքշաբթի՝ Ստրասբուրգում ՝արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով ԵՄ գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի մասնակցությամբ, որը քննարկումից առաջ կներկայացնի Եվրահանձնաժողովի դիրքորոշումը: Քվեարկությունը տեղի կունենա քննարկումից անմիջապես հետո:








































