Երբ Թրամփը հրամայեց 59 հրթիռ արձակել Սիրիայում, նրան աջակցեցին Կոնգրեսի բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաներ: Սենատորներ Ջոն Մաքքեյնը և Լինդսի Գրեմը, ինչպես նաև այլ քաղաքական դեմքեր վստահ են, որ Թրամփը «կարևոր ազդանշան է ուղարկել և այժմ արժանի է ամերիկյան ժողովրդի աջակցությանը»:
Միևնույն ժամանակ շատերը համարում են, որ այժմ Թրամփը պետք է նոր հարձակումներ ձեռնարկելուց առաջ դիմի Կոնգրեսին:
«Ռազմական տեսանկյունից հարվածն ուղղված էր Ասադին, իրականում այն, այնուամենայնիվ, Պուտինի դեմ էր ուղղված»,- գրում է Շվեդիայի նախկին արտգործնախարարԿարլ Բիլդտը:
Ներկայացուցիչների պալատի խոսնակ Փոլ Ռայանը Թրամփի այդ քայլը համարեց «տեղին և արդար»: «Այդ տակտիկական հրթիռակոծությունները հասկացնում են, որ Ասադի ռեժիմը այլևս չի կարող հույսը դնել ամերիկացիների պասիվության վրա, երբ խոսքը սիրիացի ժողովրդի հետ դաժան վարվեցողության մասին է»,- ասել է Ռայանը:
Հոռետեսորեն է տրամադրված հանրապետական Ռենդ Փոլը:
«Թեպետ մենք քննադատում ենք Սիրիայում տեղի ունեցող բոլոր սարսափները, այնուամնեայնիվ, ԱՄՆ-ի վրա մինչ հիմա հարձակում չեն գործել: Սահմանադրության համաձայն՝ նախագահը պետք է Կոնգրեսի համաձայնությունը ստանա ռազմական գործողություններ սկսելուց առաջ: Մեր նախկին գործողությունները տարածաշրջանում ոչ մի կերպ չեն նպաստել անվտանգությանը, և Սիրիայի դեպքում էլ նույնն է լինելու»,- ասել է նա:
Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյաուն հավանության է արժանացրել Թրամփի այդ քայլը:«Ամերիկայի նախագահը հստակ ազդանշան ուղարկեց, որ քիմիական զենքի օգտագործումը և տարածումը չեն հանդուրժի»,- ասել է նա:
«Սա անհավանական լուրջ իրավիճակ է. Ռուսաստանը և ԱՄՆ-ը կանգնած են միմյանց դեմ առ դեմ»,- ասել է պատմաբան Քրիստիան Գերները՝ հավելելով, որ հանուն համընդհանուր խաղաղության՝ մենք հույս ունենք, որ ռուսական կողմը զսպվածություն կդրսևորի:










































